Նոյեմբերի 1-ին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009-ից Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրապարակեց իր հրաժարականի նամակը, որտեղ մասնավորապես իր վիրավորանքն էր արտահայտում։
«Շառլ Տը Կօլ օդակայանի VIP-ի սրահին մէջ, Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարար Պարոն Էտուար Նալպանտեանի, Ազգային ժողովի Նախագահ Պարոն Յովիկ Աբրահամեանի, Դեսպան Պարոն Վիգէն Չիտեչեանի և եկեղեցական ու աշխարհական այլ անձերու ներկայութեան, հետևեալ բառերով Ձեր յանկարծական յարձակումը վրաս, սարսափ պատճառեց.- «Եթէ Տէր Վաչէ քահանայ Հայրապետեանը մինչև 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն և թէ Թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դու գործ չունես այլևս»: Պահ մը այլայլած ստուգել ուզեցի լսածս և կրկնեցիք.- «Այո, դու Մայր Աթոռի հետ գործ չունես այլևս»: Նախորդ օրը արդէն շշմած էի երբ ըսիք.- «…Վաչէ քահանային սքեմը իմ պատիւս է, քուկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ»:
Շուրջ մեկ տարի է՝ համայնքը սպասում էր առաջնորդի ընտրությանը, որն անընդհատ հետաձգվում էր ինչ-ինչ պատճառներով: Թեև ընտրությունները պետք է տեղի ունենային 2014 թվականի փետրվար 15-ին գումարվելիք Թեմական Պատգամավորական արտակարգ ժողովի ժամանակ, սակայն այն չեղյալ հայտարարվեց Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի՝ թեկնածությունից հրաժարվելու պատճառով: Այնուհետև հաստատվեց երրորդ թեկնածու՝ Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսի անունը:
Նոյեմբերի 1-ին Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու սրահում գումարված Ֆրանսիայի Հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովում կատարվեց նոր թեմակալ առաջնորդի ընտրությունը:
Առաջադրված թեկնածուների եռանուն ցանկից հիսունչորս թեմական պատգամավորներից ներկա քառասունչորսը քվեների գերակշռող մեծամասնությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին:
Մնում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընտրության արդյունքների հաստատումը, որի հետո Վահան սրբազանը կստանձնի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:
Ի դեպ, դեռ 2 ամիս առաջ են հրավերներն ուղարկվել պատգամավորներին: Ընտրությունն անցել է խաղաղ մթնոլորտում, թեև վաղ է ասել՝ համայնքի արձագանքն ինչպիսին կլինի, արդյոք կընդդիմանա՞ Ֆրանսիայի հայ համայնքը: Մնում է սպասել: Շատերն անգամ անտեղյակ են կատարվածից, սակայն նախկին առաջնորդի հետ կապված հիշողություններն այնքան թարմ են, որ յուրաքանչյուրին կընդդիմանան:
Ամեն բան դեռ սկզբնական փուլում է, սակայն գրեթե կասկած չկա, որ հենց Վահան եպիսկոպոսն էլ համարվում է կաթողիկոսի նախընտրած թեկնածուն:







































