Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրավիրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին և իր երախտագիտությունն է փոխանցել տարածաշրջանում իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար: vesti.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին Գրոզնիում այդ երկրի դեսպանի և մուֆթիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Կադիրովը: Խոսակցությունը եղել է Սիրիայում ռազմական հակամարտության և դրան Չեչնիայից մեկնածների մասնակցության մասին:
«Ահա այդ հակամարտությանը մասնակցած և զոհված չեչենների ցուցակները: Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք Չեչնիայի բնակիչներ չեն, այլ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի քաղաքացիներ: Մենք ուշադիր հետևում ենք Արևմուտքի, ԱՄՆ-ի և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ձեր դիրքորոշմանը և շնորհակալ ենք ձեզ, որ դուք ձեր երկրի իսկական հայրենասեր եք»,- ասել է Սիրիայի գերագույն մուֆթին:
Իսկ Կադիրովն ասել է. «Մենք մեծ աշխատանք ենք տանում՝ կանխելու երիտասարդության ընդգրկումը անօրինական ռազմական միավորումների շարքեր՝ ընդհանրապես, և մասնավորապես ձեր երկրում՝ կանխելու հակամարտությանը նրանց մասնակցությունը: Այնտեղ կռվող հանցագործների նպատակը ոչ թե Սիրիան գրավելն է, այլ իսլամը սևացնելը: Նրանց ղեկավարում են Արևմուտքն ու ԱՄՆ-ը: Նրանք փորձել են նույնն անել Չեչնիայում, մինչև մեր երկրի առաջին նախագահ Ահմատ-Հաջի Կադիրովն ու պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը դրան վերջ դրեցին: Ուստի մենք պատրաստ ենք ձեզ ցանկացած աջակցություն ցուցաբերել»:










































