Հոկտեմբերի 31-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Հայաստանում Բելիգիայի նորանշանակ դեսպան Ալեքս վան Մեուվենին (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա իր կարևոր նպաստը կբերի Հայաստանի և Բելգիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան վան Մեուվենը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար։
Հայաստանի ԱԳ նախարարը և Բելգիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային, կրթական և գիտական փոխգործակցության խորացման վերաբերյալ:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը:










































