Հողի պաշպանության վատթար վիճակը Հայաստանում պայմանավորված է բազում հիմնախնդիրներով, որոնք արդյունք են մեծ չափերի հասնող անտառահատման, աղտոտվածության և հանքաարդյունաբերության:
«Առանց այն էլ Հայաստանը սակավահող, լեռնոտ երկիր է: Հայաստանի հողերի միայն մեկ երրորդն է օգտագործվում գյուղատնտեսական նպատակով: Շատ բարձր է դեգրադացիայի մակարդակը, ինչը պայմանավորված է մեծ չափերի հասնող անտառահատմամբ»,- ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ղեկավար Նազելի Վարդանյանը:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով` մեծ խնդիր է նաև Արարատում ճահիճների առաջացումը, ինչի պատճառն այն է, որ չեն անցկացվում դրենաժային աշխատանքներ:
«Եթե այդպես շարունակվի, ապա Հայաստանի կեսը կդառնա պոչամբար, կեսը` հանք: Իսկ հանքարդյունաբերության արդյունքում, քանի որ չեն կատարում հողի ռեակտիվացիա, հողը դառնում է գյուղատնտեսության համար ոչ պիտանի»,- անհանգստություն է հայտնում Կարինե Դանիելյանը:
Ըստ էկոլոգների` Հայաստանի 80%-ը անապատացման վտանգի տակ է: