Ամերիկյան The New York Times թերթը, վկայակոչելով ամերիկյան և արևմտյան այլ աղբյուրների, հայտնում է, թե դեռ ամռանն ի հայտ եկան վկայություններ, որ Իրանը դանդաղեցրել է ուրանի հարստացման տեմպերը և անցում է կատարել ուրանի այն ձևի հարստացմանը, որը պիտանի չէ ռազմական նպատակներով գործածման համար:
Թերթը գրում է, որ միջանկյալ հարստացման ուրանը հատկացվել է Թեհրանի հետազոտական ռեակտորին, որը չի օգտագործվում ռազմական նպատակներով: Արևմտյան աղբյուրները դա որակում են որպես Իրանի կողմից Արևմուտքին հասցեագրած ազդանշան, և որ Իրանը ձգտում է խուսափել տվյալ փուլում ուղիղ հակամարտությունից՝ կապված իր միջուկային ծրագրի հետ:
ԱՄՆ պաշտոնատար անձինք կարծում են, որ հաջորդ ամիս ուղիղ բանակցություններ կսկսվեն Իրանի և ԱՄՆ-ի միջև, որը միտված կլինի Իրանի միջուկային ծրագրի լուծմանը: ԱՄՆ-ում ու Եվրոպայում եղած աղբյուրները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հասկացնել Իրանին, որ պատրաստ է սկսել ինտենսիվ բանակցություններ, սակայն սահմանափակ ժամկետով՝ մինչև 4-5 ամիս ժամկետով, որպեսզի Իրանը չկարողանա ժամանակ շահել երկխոսության պատրվակով իր միջուկային ծրագրի զարգացման համար:









































