«Գոլդեն Փելես Ծաղկաձոր» հյուրանոցում ավարտվեց երեկվանից մեկնարկած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով երկրորդ միջազգային գիտագործնական համաժողովը:
18 երկրների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համաժողովի անցկացման, ինչպես նաև այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Համաժողովի վերջում ելույթով հանդես եկավ Միհրան Պողոսյանը: «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումներին նվիրված մեր այս երկօրյա համաժողովի փակման խոսքը կցանկանայի սկսել իմ խորին և անկեղծ շնորհակալությամբ՝ այս միջոցառմանը ձեր ակտիվ մասնակցությունը ցուցաբերելու, յուրաքանչյուրդ ձեր հերթին այն յուրովի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար: Շնորհակալ եմ համաժողովին ձեզանից յուրաքանչյուրի ներդրման համար»,- ասաց նա:
Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն ընդգծեց, որ համաժողովի ընթացքում քննարկված հարցերը և ներկաների կողմից արված շեշտադրումները կրկին ստիպեցին Հայաստանի ուշադրությունը հրավիրելու և կենտրոնանալու կատարողական վարույթի այնպիսի զգայուն ասպեկտների և առանձնահատկությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների պատշաճ կիրառումը, հարկադրանքի միջոցների արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանության ողջամիտ հարաբերակցությունը, պարտապանի, պահանջատիրոջ և երրորդ անձանց իրավունքների և շահերի ճիշտ հավասարակշռությունը և այլն:
«Համոզված եմ, որ ձեր շնորհիվ համաժողովը օգտակար եղավ բացահայտելու և առավել լավ հասկանալու նշված, ինչպես նաև բոլորիս համար համընդհանուր դարձած այլ հիմնախնդիրներ, ավելի խորն ըմբռնելու այդ հիմնախնդիրների էությունը և գտնելու դրանց լուծման հնարավոր ուղիներ, ինչն իր հերթին, անշուշտ, իր նպաստն է բերելու կատարողական վարույթի զարգացման և կատարելագործման գործին ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով»:
Վերջում Պողոսյանը հույս հայտնեց, որ Հայաստանում անցկացրած երկու օրերը տպավորիչ էին, հաճելի և արդյունավետ: «Ակնկալում եմ ձեզ կրկին տեսնել հետագայում ևս կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին Հայաստանում»,- իր խոսքը եզրափակեց Հայաստանի գկխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:








































