Վատ եղանակը Սուրբ Ծննդյան օրը տիրել է ԱՄՆ-ի հարավային շրջաններում: Ձնաբքերը առանց էլեկտրականության են թողել ավելի քան 100.000 մարդու Տեխաս, Արկանզաս, Օքլահոմա, Միսիսիպի, Լուիզիանա և Ալաբամա նահանգներում: Ամբողջ երկրով մեկ հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ:
Մոբայլ քաղաքով տորնադո է անցել: Քամին տարել է մի քանի տների տանիքներ, ծառեր է գցել, կտրել է էլեկտրահաղորդակցության լարերը: Երեք՝ ավելի թույլ տորնադոներ գրանցվել են նաև Տեխասում:
Վատ եղանակը դարձել է մի քանի խոշոր ավտովթարների պատճառ: Այսպես՝ Օքլահոմա նահանգում վթար է տեղի ունեցել 21 ավտոմեքենաների մասնակցությամբ, որոնց մեջ երեքը բեռնատարներ են եղել: Տուժել է մի քանի մարդ:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տարերքի հարվածները տարածաշրջանում շարունակվելու են ամենաքիչը մի քանի օր: Այսօր ձնաբքեր են սպասվում երկրի արևելքում և հյուսիս-արևելքում:









































