Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իր գործողության ընթացքում մի շարք սխալներ է թույլ տվել, սակայն հրաժարվել է առաքելությունը տապալված համարել:
«Շատ բան է վկայում այն մասին, որ մեր խոշորագոյն սխալը եղել է այդ առաքելության վրա չափազանց մեծ հույս դնելը՝ առանց զգալի միջոցների ներդրման»,- գրել է Շտայնմայերը Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ում Աֆղանստանում Գերմանիայի մարտական առաքելության ավարտից քիչ առաջ:
«Մենք ցանկանում էինք ոչ միայն չեզոքացնել Աֆղանստանից եկող սպառնալիքը անվտանգության ոլորտում, այլև շտապ կարգով այդ երկիրը տանել դեպի ապագա, որը կհամապատասխաներ մեր պատկերացումներին: Մինչ այդ Աֆղանստանում ծաղկում է թմրանյութերի առևտուրը, բոլոր մակարդակներում առկա է կոռուպցիա, որոշ շրջաններում իշխում են հզոր դաշտային հրամանատարները, որոշ տեղերում նախկինի պես տիրապետող է բռնությունը»,- Շտայնմայերի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նաև կարծում է, որ Աֆղանստանից այլևս չի գալիս ահաբեկչական սպառնալիք համաշխարհային հանրության համար, և, համեմատած Սիրիայի ու Իրաքի հետ, իրադարձությունները երկրում այնքան էլ մտահոգիչ չեն:









































