17-ամյա Սամրա Քեսինովիչը և 15-ամյա Սաբինա Սելիմովիչը Վիեննայի մզկիթներից մեկն այցելելուց հետո տարվել են արմատական իսլամիստական հայացքներով: Տեղի հոգևորականները նրանց բացատրել են, որ «իրենց կենսակերպը չար» է: Ավելին՝ մզկիթի սպասավորները նրանց համոզել են մեկնել Սիրիա՝ կռվելու իսլամիստների կողմից: Այս մասին գրում է ավստրիական Osterreich պարբերականը:
Աղջիկներն այդպես էլ արել են: Նրանք ուղևորվել են Թուրքիա, որտեղից էլ հատել են Սիրիայի հետ սահմանը՝ ծնողներին թողնելով գրություն, որում խնդրել են իրենց չորոնել:
Սակայն օրերս նրանք կապնվել են իրենց հարազատների և ընկերների հետ՝ ասելով, որ «հիասթափվել են» իրենց նոր կյանքից: Աղջիկները նաև տեղեկացրել են, որ Սիրիայում ամուսնացել են ջիհադիստների հետ և հղի են:
Սամրան հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել, այնինչ Սաբինան ասել է, որ ինքը դեռևս պատրաստ չէ վերադառնալ Ավստրիա:










































