Որոտանի կասկադի վերազինման համար Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է մոտ 50 միլիոն դոլարի վարկ տրամադրել: Թե որ ընկերությունը կիրականացնի վերազինումը, կորոշվի հայտարարվելիք մրցույթում: Դեռ չի ավարտվել մրցույթի մասնակիցների ընտրության նույնիսկ նախաորակավորման փուլը, արդեն կասկած կա, որ հաղթող է ճանաչվելու ֆրանսգերմանական «Ալստոմ» ընկերությունը: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ խնդիրն այն է, որ ՀՀ-ում այն աշխատանքները, որոնք ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը և գերմանական KfW բանկի միջոցով, պատվերը հասնում է հենց «Ալստոմին», որը մինչ օրս այդ եղանակով ՀՀ-ում արդեն մոտ 80 մլն դոլարի պատվեր է ստացել: «Ալստոմի» հաղթանակը կանխագուշակելը դժվար չէ: Ընկերությունը վերջին տարիներին կասկածվել է կոռուպցիոն գործարքներում, մասնավորապես, մերձբայթյան և աֆրիկյան երկրներում ու հայտնվել ՀԲ-ի, պայմանական ասած, «սև ցուցակում»: Հենց սա հաշվի առնելով՝ առաջարկ է հնչել՝ «Ալստոմին» թույլ չտալ մասնակցել մրցույթին: Սակայն, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստեղծված հանձնաժողովը մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, որ մասնակիցների թվի պակասը կհանգեցնի մրցույթի «մրցակցայնության» նվազեցմանը: Այս պատճառաբանությունը հիմնավոր համարելը դժվար է, քանի որ նախկինում նմանատիպ մրցույթներին մեկ մասնակից ունենալը կամ մրցակիցներին անհիմն պատճառաբանություններով «մաղելը» սովորական բան է եղել:
Եվ ահա այս պայմաններում «մրցակցայնության» ջատագովությունը հենց այն փաստարկն է, որով հիմնավորվում է «Ալստոմի» հաղթանակի անխուսափելիությունը: «ՀԺ» հետ զրույցում նման կանխագուշակում արեց, մասնավորապես, ավստրիական «Անդրից» ընկերության ներկայացուցիչ Վրեժ Աբրահամյանը («Անդրիցը» մասնակցում է մրցույթին): Որոտան կասկադի գլխավոր ճարտարագետ, մրցութային հանձնաժողովի անդամ Գագիկ Մկրտչյանը «ՀԺ»-ին հայտնեց, որ նախաորակավորման փուլը կավարտվի հունվարի կեսերին, որին մասնակցում է 6 ընկերություն:









































