Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան մերժել է Իրանի խաղաղության ծրագիրը, որը նախատեսում էր կրակի դադարեցում և նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Կոալիցիայի՝ ուրբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ այն ժամանակ, երբ Սիրիայի ժողովրդի ազատության ուժերը մեկը մյուսի հետևից հաղթանակներ են տոնում, ռեժիմն ու նրա համախոհներն առաջ են քաշում հնացած նախաձեռնություններ: Եվ Իրանի նախաձեռնությունն Ասադի կործանվող իշխանությունը երկարաձգելու ճիգերից է:
Ավելի վաղ Թուրքիան Ռուսաստանին ներկայացրել էր Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկ, ըստ որի՝ 2013 թ. առաջին եռամսյակում Ասադը պետք է հրաժարական տա, և երկիրը ժամանակավորապես կառավարի ձևավորված կոալիցիան: Այս առաջարկը քննարկվել է Ստամբուլում կայացած ռուս-թուրքական հանդիպման ժամանակ: Անկարան մտադիր է Ասադին զրկել Ռուսաստանի և Իրանի աջակցությունից:
Սիրիական խնդիրը սերտորեն կապված է Իրանի քաղաքականության հետ: Իրանը միացել է Սիրիայի խնդրով «գործողությունների խումբ» ժնևյան հայտարարությանը, որտեղ կոնսենսուսով հաստատվել են կառավարման նոր մոդելի քաղաքական անցման գործընթացի չափորոշիչները: Իրանական պատվիրակությունը՝ Եգիպտոսի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ համատեղ, տարածաշրջանային մակարդակներում պետք է ժնևյան պայմանավորվածությունները տեղափոխի գործնական փուլ:









































