Դեկտեմբերի 19-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 11-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան հարևանության, Ռուսաստանի և Արևմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ապագա համաձայնագրի կառուցվածքային ձևաչափին, ընդհանուր և եզրափակիչ դրույթներին առնչվող, ինչպես նաև՝ քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում բաց մնացած հարցերը:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց երրորդ փուլը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին:
Հաշվի առնելով բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը` կողմերը վերահաստատել են մինչև 2013 թ. Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու մտադրությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին 2013 թ. սկզբին մեկնարկել աշխատանքները Ասոցացման օրակարգ ձևավորելու շուրջ: Ասոցացման օրակարգը կհանդիսանա Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ քաղաքական բնույթի փաստաթուղթ և կփոխարինի Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին:
Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել 2013թ. փետրվարին Երևանում:









































