Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ձերբակալել են «Ինպրոֆստրոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Ալեքսանյանին, որը պատվիրել էր իր նախկին գործընկերոջ՝ Արմեն Շահինյանի սպանությունը: Այս մասին գրում է Kommersant-ը:
Սպանության կանխման համար քրեական հետախուզության աշխատակիցները բեմականացրել են Շահինյանի մահը՝ նրան տալով դիակի տեսք:
Շահինյանի դեմ նախապատրաստվող սպանության մասին քրեական հետախուզության աշխատակիցներն իմացել են 2012-ի սեպտեմբերին: Ինչպես հայտնի է դարձել նրանց,Ալեքսանյանը սպանություն իրականացնողի որոնման գործը հանձնարարել է ՊՆ պաշտոնաթող սպա Վլադիմիր Տումանովին, որը կապեր ուներ հանցավոր աշխարհի հետ: Սպանության կազմակերպման համար Տումանովին խոստացել են 3.5 մլն ռուբլի:
Քրեական հետախուզության աշխատակիցները, ներկայանալով որպես հանցավոր խմբավորման անդամներ, հանդիպել են Տումանովին և խոստացել նրան Շահինյանին սպանել 2 մլն ռուբլով: Բացի այդ, խուզարկուները կապվել են Շահինյանի հետ և հաղորդել նրան պատրաստվող մահափորձի մասին:
Դեկտեմբերի սկզբին խուզարկուները ռեստորանից, իբր, առևանգել էին Շահինյանին: Բազմաթիվ հարազատների և ծանոթների աչքի առաջ Շահինյանին քարշ են տվել դեպի մեքենան և տարել: «Առևանգման» մասին հաղորդել են Հովիկ Ալեքսանյանին:
Այնուհետև Շահինյանին շպարել են դիակի տեսքով: Դիմահարդարը աշխատել էր հավուր պատշաճի` նրա պարանոցին խեղդելու հետքեր կային: Դեկտեմբերի 11-ին լուսանկարները փոխանցվել են Տումանովին, որն էլ դրանք տարել է Ալեքսանյանին: Այն պահին, երբ Ալեքսանյանը գումար էր փոխանցում Տումանովին, երկուսին էլ ձերբակալել են:
Նրանց դեմ առաջադրվել է մեղադրանք՝ ՌԴ ՔՕ-ի 30-րդ հոդվածի առաջին և 105-րդ հոդվածի երկրորդ մասերի հատկանիշներով (մահափորձ, որն իրականացվել է եսասիրությունից դրդված կամ վարձակալությամբ): Հոդվածով նախատեսվող առավելագույն պատժաչափը ցմահ ազատազրկումն է: Ալեքսանյանը և Տումանովը երկամսյա կալանքի են ենթարկվել:
Արմեն Շահինյանը «Կրիսմար» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի ղեկավարն ու սեփականատերն է: Ալեքսանյանն ու Շահինյանը գործընկերներ էին, սակայն 2012-ի ամռանը նրանց միջև հակասություններ են սկսվել՝ կապված երկաթբետոնե արտադրանքներ թողարկող Ձերժինսկու գործարանի շուրջ:
Նշենք, որ Շահինյանը համարվում էր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր հովանավորը: 2008 թվականին նա գլխավորել է այդ կուսակցությունից Ալթայի երկրամասի թեկնածուների տարածաշրջանային ցուցակը և առաջադրվել Պետդումայում: Սակայն ՌԴ Գերագույն դատարանը նրան հեռացրել է ընտրացուցակից, քանի որ գործարարն ունեցել է երկքաղաքացիություն՝ ՌԴ-ի և ՀՀ-ի:









































