«Ռուսթավի 2» հեռուստաընկերության աշխատակիցները դիմել են Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննության ծառայությանը և երկրի գլխավոր դատախազությանը՝ խնդրելով ազատ արձակել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկ Գվարամիային,- հաղորդում է Новости-Грузия գործակալությունը:
Կրթության և արդարադատության նախկին նախարար, իսկ ներկայումս հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկ Գվարամիան, ֆինանսների և էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խեթեգուրին, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դամենիան և երկու այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել էին չորեքշաբթի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում հարցաքննությունից հետո: Հետաքննության ծառայության ղեկավարի տվյալներով՝ նրանց մեղադրում են 1 միլիոն դոլարի յուրացման մեջ, որը իբր թե փոխանցվել է կեղծ ստեղծված ընկերության հաշվին:
Հեռուստաընկերությունը խնդրել է ազատել Նիկ Գվարամիային, հակառակ դեպքում նշել է, որ այդ քայլը կհասկանան որպես հեռուստատեսության գործունեությանը խոչընդոտում:
Գվարամիային ազատ արձակելու պահանջով հանդես է եկել նաև Միխեիլ Սաակաշվիլին, իսկ նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դադարեցրել է գործունեությունը խորհրդարանում:








































