Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Շահեն Ազիզբեկյանի գործով պաշտպան Ա. Խաչատրյանի բերած բողոքի քննությունը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի դատավճռով 28-ամյա Շահեն Ազիզբեկյանը մեղավոր է ճանաչվել Սևանի ափին զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, և դատապարտվել է 4 տարի ազատազրկման:
Դատարանը հաստատված է գնահատել, որ 2011 թվականի հուլիսի 9-ին, ժամը 15-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ Շահեն Ազիզբեկյանը Սևանա լճի՝ Արտանիշ գյուղին հարակից ափամերձ հատվածում անտեղի վիճաբանության մեջ է մտել ափին հանգստացող Է.-ի հետ, հայհոյել է աղջկան, շուրջ տասնհինգ րոպե կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:
Նա բռունցքով հարվածներ է հասցրել Է.-ին, փորձել իր ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել նրան, սակայն խուլիգանական գործողությունները դադարեցնող Սեյրան Գևորգյանին հաջողվել է միջամտել, իր ընկերուհի Է.-ին հեռացնել Ազիզբեկյանից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Է.-ին ուղղված դանակի հարվածը դիպել էր վիճաբանողներին բաժանող Սեյրանի գոտկատեղին, առաջացրել քերծվածք և առողջությանը պատճառել վնաս:
Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի դեմ բերած վերաքննիչ բողոքն այսօր հիմնավորեց Ազիզբեկյանի շահերի պաշտպան Ա. Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Այս քրեական գործը մեկ այլ քրեական գործից նախկինում անջատված մաս է եղել: Հարուցվել է 2011 թվականի հուլիսի 9-ին կատարված դեպքից տասն ամիս անց, և Շահեն Ազիզբեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ 2012 թվականի մայիսի 9-ին:
Նախկին քրեական գործը հարուցվել էր դեպքի հաջորդ օրը՝ 2011 թվականի հուլիսի 10-ին Ճամբարակի վարչական տարածքում Է.-ի մահվան դեպքի առիթով: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Է.-ն ինքնասպանություն է գործել:
Նրա հարազատները հետաքրքրվել էին, թե ինչ էր տեղի ունեցել Է.-ի կյանքում ինքնասպանությանը նախորդած օրերին: Եվ ի հայտ էին բերել մահվան նախորդ օրը Է.-ի մասնակցությամբ Սևանա լճի ափին տեղի ունեցած բուռն վիճաբանությունը:
Ազիզբեկյանին որպես մեղադրյալ ներգրավելուց մեկ օր հետո՝ 2012 թվականի մայիսի 10-ին նախաքննական մարմինը որոշում էր կայացրել Է.-ի մասով կարճել խուլիգանություն կատարելու վերաբերյալ գործը, քանի որ Է.-ն այլևս ողջ չէր:
Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմնի երկու որոշումները՝ Ազիզբեկյանին որպես մեղադրյալ ներգրավելու և Է.-ի մասով գործը կարճելու վերաբերյալ, հակասում էին իրար, որովհետև Ազիզբեկյանի մասով գրել էին, թե անտեղի վիճաբանության մեջ էր մտել Է.-ի հետ, մինչդեռ մյուս որոշմամբ ակնհայտ էր դառնում, որ վիճաբանությունը սկսել ու նախահարձակ էր եղել հենց ներկայումս հանգուցյալ Է.-ն:
Ըստ պաշտպանի՝ կատարվել էր հետևյալը. Ազիզբեկյանը եկել էր լճափ, լողազգեստով մտել լիճը՝ լողալու: Մինչ այդ նկատել էր իր ծանոթ Սեյրան Գևորգյանին, որն ընկերախմբով գտնվում էր ափին:
Խումբը օղի ու գարեջուր էր խմում: Առաջարկել էին, որ Ազիզբեկյանն էլ իրենց միանա, բայց նա հրաժարվել էր: Երբ ջրից դուրս էր եկել, անսթափ Է.-ն ծաղրական արտահայտություն էր արել նրա հասցեին ու հայհոյանք տվել:
Դատաքննության ժամանակ ընկերները հայտնել էին, որ Է.-ն հայհոյախոս էր եղել, հայհոյելը սովորական բան էր եղել նրա համար:
Պաշտպանը հարցրեց՝ ո՞ր հայ տղան գլուխը կախ կհեռանար, եթե նրան առանց որևէ պատճառի, այլոց ներկայությամբ հայհոյանքներ տար անսթափ մեկը, թեկուզ՝ կին: Ազիզբեկյանը ևս հայհոյել էր: Է.-ն գարեջրի դատարկ շշով հարվածել էր նրա գլխի գագաթային մասին: Ազիզբեկյանն էլ ձեռքով էր հարվածել Է.-ին:
Նրանց բաժանել էին, Սեյրանը Է.-ին մեծ դժվարությամբ նստեցրել էր իր մեքենան, բայց նա այնտեղից դուրս էր նետվել: Իսկ Ազիզբեկյանը հեռացել էր մոտեցած ընկերոջ հետ:
Պաշտպանի համոզմամբ՝ իր պաշտպանյալի մոտ դանակ չի եղել: Նախաքննական մարմինը և առաջին ատյանի դատարանը չեն հիմնավորել դանակի առկայությունը, չփարատված կասկածներն էլ չեն մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի:
Դանակի մասին ասել էր Է.-ի ընկերուհին, սակայն նրա ցուցմունքները հակասական էին: Հակասական էին նաև Սեյրան Գևորգյանի ցուցմունքները, նա գործի ելքով շահագրգիռ անձ է:
Մասնավորապես, Սեյրանը մի ցուցմունքում ասել է, թե դանակ չի տեսել, դրա մասին իմացել է ընկերուհուց: Մեկ այլ ցուցմունքում ասել է, թե դանակը տեսել է, մինչև անգամ 15 մետր հեռավորությունից չափսն է նկատել՝ 25 սմ երկարությունը:
Նախաքննական մարմինը արձանագրել է, թե Ազիզբեկյանը դանակով քերծել էր Գևորգյանի մարմինը, նրա առողջությանը վնաս պատճառել: Բայց դատարանը մերժել է դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, այդ քերծվածքի առկայության վերաբերյալ մասնագետի կարծիքն իմանալու համար պաշտպանական կողմի կատարած միջնորդությունը:
Դատարանն իր մերժումը հիմնավորել էր նրանով, որ դեպքից շատ ժամանակ էր անցել, քերծվածքը պահպանված չէր լինի:
Պաշտպանը տարակուսեց՝ դատարանն իրավասո՞ւ էր նման եզրակացություն կատարելու: Դրանով դատարանն ի հայտ էր բերել իր սուբյեկտիվ վերաբերմունքը:
Ինքնասպանության օրը Է.-ն զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, թե իր մտերիմ Սեյրան Գևորգյանը հարվածել է իրեն ու իր պայուսակից գումար է գողացել:
Եթե նախորդ օրն Ազիզբեկյանը նրա վրա դանակով հարձակվել էր, ձեռքերով էլ ծեծի ենթարկել, Է.-ն դրա մասին ևս կհայտներ, բայց նա այդ դեպքը չի հիշատակել:
Է.-ի մահվան փաստով հարուցված գործով կատարվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացության մեջ ևս ոչ մի խոսք չկա Ազիզբեկյանի հետ տեղի ունեցած վիճաբանության կամ դանակի գործադրման մասին:
Պաշտպանն ընդգծեց, թե դատական ակտում դատարանը չի նշել՝ հանրության դեմ ուղղված հանցանքը դիտավորյա՞լ է կատարել Ազիզբեկյանը, միգուցե անզգուշությա՞մբ կամ ա՞յլ միտումով էր գործել:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը մի քանի նախադեպային որոշումներով հայտնել է այն դիրքորոշումը, որ խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ:
Ազիզբեկյանի գործողությունները կատարվել էին ի պատասխան Է.-ի հակաբարոյական վարքագծի, իր պաշտպանյալը հասարակության անդորրը խանգարելուն նպատակաուղղված գործողություններ չէր կատարել: Այդ հիմքով գործի վարույթը կարճելու՝ պաշտպանական կողմի միջնորդության մերժումը դատարանը հիմնավորել էր նրանով, թե Վճռաբեկ դատարանի որոշումները տվյալ դեպքում կիրառելի չեն: Այս ձևակերպումը պաշտպանն առնվազն անհասկանալի համարեց:
Նախաքննական մարմինը և դատարանը, պաշտպանի կարծիքով, հստակ չեն հիմնավորել՝ որտեղից հայտնվեց դանակը լճից նոր դուրս եկած Ազիզբեկյանի մոտ. «Սևանա լճում դանակներ չեն աճում»,- ասաց պաշտպանը:
Դատական ակտի այլ թերությունների վերաբերյալ ևս խոսեց պաշտպանը: Նա պնդեց վերաքննիչ բողոքը՝ խնդրելով բեկանել դատավճիռը և Ազիզբեկյանին արդարացնել:
Իսկ եթե դատարանը, այնուամենայանիվ, նրան որևէ հոդվածով մեղավոր կճանաչի, թող պայմանական դատապարտություն կիրառի կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ սահմանի՝ հաշվի առնելով, որ Ազիզբեկյանի խնամքին երկու մանկահասակ երեխաներն են, անառողջ կինը, ընտանիքի միակ կերակրողն է նա, նախկինում դատապարտված չի եղել, հանցանքը, եթե կատարել է, ապա միայն՝ հանգամանքների բերումով և Է.-ի հակաօրինական պահվածքի պատճառով:
Մեղադրողն առարկեց բերված վերաքննիչ բողոքի դեմ: Ըստ դատախազի՝ մեղադրանքը լիովին հիմնավորված է, պատիժը՝ կատարվածին համաչափ: Նա միջնորդեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ:
Պաշտպանը հայտնեց, որ միջնորդություն ունի՝ դատական քննության վճռաբեկության կարգից վերաքննության կարգի անցնելու վերաբերյալ, որպեսզի հետազոտվեն գործի ելքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Դատարանը ընդմիջեց դատական նիստը, ժամանակ տվեց, որ պաշտպանը պատրաստվի միջնորդությանը, որը կներկայացնի հաջորդ նիստին:










































