Հաշվի առնելով խաղի ընթացքը` ոչ-ոքին լավ արդյունք էր: Այս մասին հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Ռուսաստան հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Առաջին 15 րոպեներին լավ խաղացինք, սակայն հետո չգիտեմ` ինչ կատարվեց թիմի հետ: Ընդմիջմանը փոփոխություններ կատարեցինք մարտավարության մեջ, և ինձ թվում է երկրորդ կեսում խաղը ստացվեց:
Խաղի որակն այն չէր, որին մենք սովոր ենք: Պատճառներից մեկն այն էր, որ ֆունկցիոնալ առումով դեռ պատրաստ չէինք:
Ես տղաներին շնորհակալություն հայտնեցի երկրորդ խաղակեսի համար: Նրանք բնավորություն ցուցաբերեցին: Մենք պետք է բարելավենք մեր խաղը»:
– Դիկ Ադվոկատին դուր եկավ Հայաստանի խաղը: Իսկ Դուք ի՞նչ կասեք մրցակցի մասին:
– Ինչ սպասում էի` տեսա այսօր: Գիտեի, որ ուժեղ և բարձրակարգ թիմ էր:
– Գո՞հ եք ոչ-ոքիից:
– Հաշվի առնելով խաղի ընթացքը` այո:
– Ի՞նչ տակտիկական փոփոխություններ արեցիք ընդմիջմանը:
– Մենք շատ էինք կպել մեր դարպասին: Փոփոխություններից հետո կարողացանք հեռանալ մեր դարպասից:
– Հաշվի առնելով մնացած խաղերը, ինչպե՞ս եք գնահատում եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները:
– Իսկ մենք ուզո՞ւմ ենք դուրս գալ, ֆեդերացիայի նախագահը նման խնդիր դրե՞լ է: Ես երբեք չեմ ասել, թե մենք դուրս ենք գալու, որ հիմա գնահատեմ հնարավորությունները:
– Ինչպե՞ս կգնահատեք Հենրիխ Մխիթարյանի վատ խաղը:
– Ես չեմ կարծում, որ նա վատ է խաղացել: Թիմային խաղում մենք խնդիրներ ունեցանք: Ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը տարբեր էր, ինչն էլ ազդեց խաղի վրա:
– Ի՞նչն էր պատճառը, որ 15 րոպեներից հետո թիմը սկսեց անհաջող գործել: Միգուցե հոգեբանական խնդիր կա՞ր:
– Հոգեբանական խնդիր չկար, ուղղակի Ռուսաստանն ավելացրեց:
– Երկրորդ շրջանը սկսում ենք Ռուսաստանի հետ խաղով: Շանսեր կա՞ն հաջորդ խաղում:
– Եթե ֆունկցիոնալ առումով լավ պատրաստ լինենք, ապա լրիվ այլ ֆուտբոլ կցուցադրենք:
– Հայաստանն, ըստ Ձեզ, ունե՞ր գոլային պահեր:
– Այո, եղան հնարավորություններ: Մասնավորապես, Յուրա Մովսիսյանը կարող էր բացել հաշիվը:








































