Ինչպես և սպասվում էր հանդիպումն անցավ անչափ լարված պայքարում: Առաջին 25 րոպեներն անցան Հայաստանի հավաքականի թելադրանքով լեփ-լեցուն «Հանրապետական» մարզադաշտի աներևակայելի աջակցության ներքո. Վարդան Մինասյանի սաները ոչ մի ջանք չէին խնայում թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս, չնայած այդպես էլ իրական վտանգավոր պահ չստեղծեցին մրցակցի դարպասի մոտ: Առաջին խաղակեսի երկրորդ մասն անցավ ռուսների բացարձակ առավելությամբ: 25-30-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում Ադվոկատի սաները 5 անկյունային հարված իրացրին, սակայն նրանց գրոհները նույնպես իրական վտանգ չէին պարունակում իրենց մեջ:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը շատ ավելի լավ հանդես եկավ. թե՛ գրոհելիս, թե՛ պաշտպանվելիս մեր տղաներն ավելի գրագետ էին գործում: Փոխարենը ռուսները փորձում էին ավելի շատ տիրել գնդակին: Ինչևէ, այդպես էլ խփված գոլեր չտեսանք, սակայն դարպասը գրավելու լավագույն հնարավորությունն այնուամենայնիվ ստեղծեցին հայ ֆուտբոլիստները: Յուրա Մովսիսյանը սուր անկյունից մի փոքր շեղ հարվածեց դատարկ դարպասին:
Հայաստան-Ռուսաստան` 0:0, որ, ըստ ամենայնի, կողմերից ոչ մեկի համար ձեռնտու չէր, սակայն այս հանդիպման ընթացքն արտացոլող իրական արդյունքն էր:
Ռուսները, իհարկե, կգրեն, որ իրենք երկու միավոր կորցրին, սակայն վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանի հավաքականը կորցրեց երկու միավոր: