Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Ստամբուլի պատկերասրահներից մեկում բացվել է Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման դեմ իրենց բողոքն արատահայտող թուրք ծաղրանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսում 47 թուրք ծաղրանկարիչներ ներկայացրել են 80 ծաղրանկարներ` դրանով իսկ իրենց աջակցությունը հայտնելով Կարսի «Մարդկության հուշարձանի» հեղինակ Մեհմեթ Աքսոյին:
Վերջինս նշել է. «Երկիրը սկսել է վերածվել վախի հանրապետության: Օրենքն ընդհանրապես չի գործում: Ընտրություններից առաջ ցանկանում են քանդել այդ հուշարձանը, այդ գործընթացը ժամանակավորապես կասեցրած դատավորին են հեռացնում զբաղեցրած պաշտոնից և այլն: Այդ ամենը ծիծաղելի է»:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Կարս այցելած Թուրքիայի վարչապետ Էրդողանն այդ հուշարձանը որակեց որպես «անճոռնի» և հրահանգեց ապամոնտաժել այն:
Դրանից հետո Աքսոյը դիմեց դատարան` հայտարարելով, որ եթե Էրդողանը քանդել տա այդ հուշարձանը, ապա կնմանվի Թալիբանին, որն Աֆղանստանում ոչնչացրել էր Բուդդայի երկու վիթխարի հուշարձանները: Սակայն Աքսոյի հայցը, ի վերջո, դրական պատասխան չստացավ:







































