Աշխարհի ամենաայցելվող թանգարանի՝ Փարիզի Լուվրի տնօրեն Անրի Լուարետը որոշել է լքել պաշտոնը. պայմանագրի համաձայն` 2013-ի ապրիլին ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
60 տարեկան Լուարետը 12 տարի զբաղեցրել է Լուվրի տնօրենի պաշտոնը՝ սկսած 2001 թվականի ապրիլի 14-ից: Օրենքի համաձայն՝ Ֆրանսիայի գլխավոր թանգարանի տնօրենը նշանակվում է պետության կողմից՝ 4 տարի ժամկետով: «Անրի Լուարետը հանրապետության նախագահին և մշակույթի նախարարին տեղեկացրել է, որ որոշել է չառաջադրվել նոր մանդատի համար»,- հայտնել է թանգարանի տնօրինության աղբյուրը:
Լուվրում հայտարարել են, որ թանգարանային կյանքին նվիրած շուրջ 40 տարիներից և նախաձեռնած երկու նախագծերից (իսլամական արվեստի բաժնի և Լանս քաղաքում թանգարանի մասնաճյուղի բացում) հետո Լուարետը որոշել է այլ գործունեությամբ զբաղվել և թույլ տալ Լուվրին պատմության նոր էջ գրել:
Նա մտադիր է կրկին պետական ծառայությամբ զբաղվել, սակայն այլ բնույթի:
Լուարետի ղեկավարման տարիներին թանգարանի այցելուների թիվը կրկնապատկվել է: 2001 թվականին այցելուների թիվը կազմում էր 5.1 մլն, իսկ 2006-ին այդ թիվը հասավ 8 միլիոնի և այլևս չիջավ: Սպասվում է, որ 2012-ի արդյունքներով` նոր առավելագույն ցուցանիշ կսահմանվի շուրջ 10 մլն-ը:








































