«Դեռևս գլխավոր դատախազ աշխատած ժամանակ ես վստահաբար նշել եմ և այսօր էլ ասում եմ, որ դատախազությունն այն պետական մարմիններից է եղել, որտեղ համակարգված կոռուպցիոն երևույթները վաղուց վերացված են: Իհարկե, բոլոր տեղերում, ժողովրդի ասածով, չկա գյուղ, որ շուն չլինի: Ես այդքան միամիտ չեմ, որ պնդեմ, թե կոռուպցիան ընդհանրապես վերացված է եղել և այսօր էլ վերացված է, քանի որ մշտապես եղել են և կարող են լինել անձինք, որոնք կարող են գողություն անել»,- այսօր Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ անդրադառնալով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում Գևորգ Կոստանյանի ասածներն առ այն, թե նախկինում համակարգային կոռուպցիոն դրսևորումներ են եղել:
Հովսեփյանը, գնահատելով գլխավոր դատախազության ներկայիս աշխատանքը, նկատեց. «Գնահատականը կտա մեր հետագա աշխատանքը, համագործակցությունը: Քննչական կոմիտեն օրենքով պետք է իրականացնի նախաքննություն, իսկ դատախազությունը հսկի նախաքննության ընթացքը»:
Աղվան Հովսեփյանն անդրադարձավ նաև քննչական կոմիտեի ստեղծման շուրջ հնչող այն մտավախությանը, թե այս կառույցը ինքնուրույն չի լինելու: «Իրավապաշտպանների նման մոտեցումն ինչ-որ տեղ արդարացված է, որովհետև անկախ քննչական մարմնի անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված մեր հասարակության մեջ: Բոլոր քննչական մարմինները գտնվում էին գերատեսչական կարգավիճակում: Այստեղից էլ մտահոգություն էր առաջանում քննիչների ինքնուրույնության առումով: Հավատացած եմ, վստահ եմ, որ անկախ քննչական մարմնի ձևավորմամբ այդ գերատեսչական ազդեցությունների խնդիրը կվերանա, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի յուրաքանչյուր քննիչ իրապես, որպես նախաքննություն իրականացնող անձ, անկախ լինի: Սրա համար ամեն ինչ մենք անելու ենք»:
Քննչական կոմիտեի նախագահը, անդրադառնալով իր տեղակալների նշանակման հարցի ձգձգմանը, առաջարկեց երկու օր սպասել, որից հետո հայտնի կդառնան իր տեղակալների անունները:










































