Իտալիան պատրաստ է ինքնաթիռներ ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: Notiziario Italiano էլեկտրոնային պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին:
«Մենք պատրաստ ենք մեր ինքնաթիռները տրամադրել Իրաքում «Իսլամական պետության» գրոհայիններին ռմբակոծելու համար»,- ասել է Պինոտտին:
Նա հստակեցրել է, որ դաշնակիցների կողմից նման օգնության հայտ չի ստացվել, իսկ Իտալիայի օգնությունն այդ շրջանում ներկայումս միայն սահմանափակվում է թեթև զենքերի մատակարարմամբ:
«Եթե պահանջվի Իրաքում մեր ռազմաօդային ուժերի մասնակցությունը, հավանաբար, անհրաժեշտ կլինի ստանձնել այդ որոշման պատասխանատվությունը, սակայն Իտալիան առայժմ ձեռնպահ է մնում «Իսլամական պետության» գրոհայիններին ռմբակոծելուց»,- ընդգծել է նախարարը:








































