Microsoft ընկերութունը ազատ մուտք է բացել դեպի իր Socl սոցիալական ցանց: Դեկտեմբերի 4-ից ցանցին միանալ կարող է ցանկացած մարդ, ով Facebook-ում կամ Windows Live-ում օգտահաշիվ ունի: Այս մասին գրում է ZDNet-ը:
Socl-ը գործարկվել էր 2011-ի վերջին ԱՄՆ-ի մի քանի բուհերի հետ FUSE Labs հետազոտական լաբորատորիայի հետ համագործակցությամբ: Այդ ժամանակվանից սոցցանցը գտնվել է փակ փորձարկման փուլում: Microsoft-ը պնդում էր, որ իր նախագիծը Facebook, Tumblr և Pinterest ցանցերին փոխարինելու փորձ չէ:
Ընկերությունն այն ներկայացնում է որպես արդյունավետ միջոց ուսանողների և գիտաշխատողների համար, որի օգնությամբ նրանք կարող են գտնել միմյանց և կիսվել հետաքրքիր տեղեկություններով:
Socl-ն ունի վիդեոչաթ: Օգտատերերը կարող են երգացանկեր կազմել և միաժամանակ դիտել հետաքրքիր տեսանյութեր: Այս ցանցը չի տալիս մտերիմների շրջանակներ կազմելու հնարավորություն:










































