«Միություն-90» («կանաչներ») կուսակցությունը մտադիր է հայց ներկայացնել Գերմանիայի կառավարության դեմ Սահմանադրության խախտման վերաբերյալ: Սպառնալիքն իրականություն կդառնա, եթե կառավարությունը պնդի իր մերժումը՝ լսելու ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին որպես վկա հատուկ ծառայությունների գործունեության հետաքննման հարցերով Բունդեստագի կոմիտեում՝ կապված ԱՄՆ-ի կողմից էլեկտրոնային լրտեսման հետ: Այս մասին Rheinische Post թերթում հրապարակված հարցազրույցում ասել է «կանաչների» խմբակցությունից հատուկ ծառայությունների աշխատանքի հարցերով փորձագետ Հանս-Քրիստիան Շտրեբելեն:
«Եթե կառավարական կոալիցիան սեպտեմբերի սկզբին կրկին մերժի Սնոուդենին լսելու մեր հայցը, «կանաչների» խմբակցությունը Ձախ կուսակցության հետ համատեղ հայց կներկայացնի Գերմանիայի կառավարության դեմ Սահմանադրության խախտման վերաբերյալ»,- նախազգուշացրել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ նախարարների կաբինետը, մերժելով աջակցություն ցուցաբերել համապատասխան կոմիտեին, խախտում է Սահմանադրությունը: