Եգիպտական Շարմ-էլ-Շեյխում գործադուլ են հայտարարել օդանավակայանի աշխատակիցները: Այդ պատճառով հետաձգվել են ավելի քան 100 միջազգային չվերթներ: Սպասասրահն ամբողջովին փակ է և չի ընդունում զբոսաշրջիկներին:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, 150 աշխատակիցներ արդեն երկրորդ օրն է գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքի պայմանների բարելավում: Նրանք դժգոհ են, որ քաղաքացիական ավիացիայի նախարարությունն անտեսում է իրենց պահանջները:
Գործադուլի պատճառով բոլոր չվերթները սպասարկվում են թռիչքների սրահի միջոցով: Դա զգալիորեն ծանրաբեռնել է օդանավակայանի աշխատանքները: Ինքնաթիռները թռչում և վայրէջք են կատարում ուշացումներով: Օդանավակայանի ղեկավարությունը մտադիր է հրավիրել այլ ընկերությունների աշխատակիցների՝ միջազգային թռիչքների հետ կապված աշխատանքները կարգավորելու համար:









































