Մեծ Բրիտանիայում գործող Starbucks սրճարանային ցանցը դարձել է առաջին ամերիկյան ընկերությունը, որը պատրաստ է վերանայել իր եկամուտները և ավելի շատ հարկ վճարել։ Այս մասին գրում է The Telegraph-ը:
Starbucks-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ իրենք հետևել են Մեծ Բրիտանիայի հարկային օրենքներին, բայց դա բոլորին չի գոհացրել:
«Մենք հաշվի ենք առել հաճախորդների և աշխատակիցների քննադատությունը ու հասկանում ենք, որ հասարակական վստահությունը պահելու և ամրապնդելու համար պետք է ավելին անենք: Այս շրջանակներում մենք կվերահաշվարկենք Մեծ Բրիտանիային վճարվող հարկերի գումարը»,- հայտարարել է նեկայացուցիչը:
Starbucks-ը դարձավ առաջին ընկերությունը, որն արձագանքեց հասարակական քննադատությանը և քաղաքական ճնշմանը: Starbucks-ի որոշումը կարող է ազդել նաև այլ կորպորացիաների հարկային քաղաքականության վրա, այդ թվում՝ Amazaon-ի և Google-ի:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքական գործիչները կոչ էին արել հետաքննել Starbucks-ի գործունեությունն այն բանից հետո, երբ Reuters գործակալությունը պարզել էր, որ վերջին տասը տարում ընկերությունը միայն վնասներ է հայտարարագրում, ինչը թույլ է տալիս նրան խուսափել մեծ Բրիտանիային հարկեր վճարելուց:









































