Վատիկանում փաստաթղթերի արտահոսքի հետ կապված սկանդալի պատճառով խստացնում են անվտանգության միջոցառումները: Այժմ յուրաքանչյուր ծառայող կունենա միկրոչիպով անձը հաստատող փաստաթուղթ: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Միկրոչիպերով քարտերը, որոնք թույլ կտան պարզել այն կրողի գտնվելու վայրը Պապի պալատում, կներմուծվեն 2013-ի հունվարի 1-ից: Դրանց միջոցով կվերահսկվեն նաև ծառայողների աշխատանքի ներկայանալու և աշխատանքն ավարտելու ժամերը: Խիստ վերահսկողությունը կտարածվի Վատիկանի հազարավոր աշխատողների վրա:
Անվտանգության նոր միջոցառումների ներդրման պատասխանատու է նշանակվել նախկին Հարավսլավիայի հոգևորական Միտյա Լեսկովարը: Նա կվերահսկի նաև քարտուղարության ներսում փաստաթղթերի պատճենահանման բոլոր հարցումները:
Նման միջոցառումները ձեռնարկվում են 2012-ի մայիսին տեղի ունեցած «Վատիլիքսի» պատճառով: Բենեդիկտոս XVI-ի կամերդիներ Պաոլո Գաբրիելեն լրագրող Ջանլուիջի Նուցիին էր փոխանցել գաղտնի փաստաթղթեր, որոնք վերջինս ներառել էր իր «Նորին սուրբ օծությունը. Բենեդիկտոս XVI-ի գաղտնի նամակները» գրքում: Գաբրիելեն դատապարտվել է 18 ամսվա բանտարկության, իսկ նրա հանցակիցը՝ ծրագրավորող Կլաուդիո Շարպելետին, ազատազրկվել երկու ամսով:









































