Դեկտեմբերի 2–ին Ռամալայի «Մուկատա» կառավարական համալիրում ԱՄՆ-ից ժամանած Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասին դիմավորել են հանդիսավորությամբ:
«Կոլ Իսրայել» ռադիոկայանը հաղորդում է, որ արարողությանը մասնակցել է մի քանի հազար մարդ: Աբբասին ողջունել են որպես «Պաղեստինի արաբական անկախ պետության նախագահի»:
«Այժմ մենք ունենք պետություն»,- Ռամալա ժամանելով՝ հայտարարել է Աբբասը:
Maan գործակալությունը հաղորդել է, որ «նախագահին» դիմավորելու համար շարվել է պատվո պահակախումբ և հնչել է Պաղեստինի ազգային հիմնը: Աբբասին դիմավորել են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր տնօրենը, ՖԱԹՀ կուսակցության անդամներ, Գերագույն դատական խորհրդի ղեկավարը, ինչպես նաև մահմեդական և քրիստոնեական հոգևորականության ներկայացուցիչներ: Արարողությանը ներկա են եղել նաև Հունաստանի և Եգիպտոսի դեսպանները:










































