Սիրիայի կառավարությունը նմանվել է զինված խմբավորման: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում իր արաբ գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Դավութօղլուի՝ Բաշար Ասադն ու նրա համախոհները ուժ են գործադրում, ինչը վտանգավոր է ոչ միայն Սիրիայի ժողովրդի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար:
Նախկինում ՆԱՏՕ-ի և Թուրքիայի բանակի ներկայացուցիչները ուսումնասիրել են Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայման հնարավոր վայրերը: Նախատեսում են որպես տեղակայման վայր ընտրել Սիրիային սահմանակից Դիարբեքիր, Ուֆա, Մալաթիա շրջանները: «Պատրիոտ» հրթիռային համալիրները կարող են տեղադրվել 6 շրջաններում, որոնցից յուրաքանչյուրի գործարկման համար անհրաժեշտ է 40 աշխատող: Ընդհանուր առմամբ Թուրքիա կժամանի 250-300 զինվորական:
«ՆԱՏՕ-ի տրամադրած համակարգերը միայն պաշտպանական են և ուղղված են Սիրիայի կողմից հնարավոր հրթիռային հարձակման դեմ»,- հայտարարել են Գլխավոր շտաբում:
Նշենք, որ Թուրքիան սիրիական ընդդիմությանն ամենաշատն աջակցող երկրներից մեկն է: Ստամբուլում են գործում Սիրիայի ազգային խորհուրդն ու Սիրիական անկախ բանակը:










































