«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ օրը տարաձայնություններ են առաջացել Տավուշի մարզի Այգեպար համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Անդրանիկ Այդինյանի և ԲՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Նինա Ադամյանի միջև: Ականատեսների վկայությամբ` նրանց վեճը ծագել է այն բանից հետո, երբ գյուղապետը ցանկացել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից համայնքին նվիրած տրակտորն օգտագործել խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Թերթի հետ զրույցում լուրը հաստատեց նաև Այդինյանը`ասելով. «Եկավ գեղամիջումը ձենը գցեց, տրակտորի բլանիքնին պահանջեց, ասեց`դու ով ես եղել, որ առանց ինձ տրակտորը բնացնես: Ասում է`տրակտորը ինձ են տվել, ոչ թե գեղին: Ասում է, որ 30 ձեն տվիք ԲՀԿ-ին, էն ժամանակ չէի՞ք մտածում, թե ինչ կլինի»:
«Ժողովուրդ»-ը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից փորձեց ճշտել, թե ում և ինչ նպատակով է տրվել վիճահարույց տրակտորը: Հիմնադրամի տնօրեն Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Երկրորդ կարծիք լինել չի կարող, դա նվիրվել է Այգեպար համայնքի բնակչությանը` իրենց խնդիրները հոգալու համար»:
Ի դեպ, սա Ն. Ադամյանի առաջին ինքնագործունեությունը չէ: «Ժողովուրդ»-ին նմանատիպ բողոք էր ներկայացրել նաև նույն մարզի Մովսես համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Ապերյանը:








































