Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` պատրաստակամություն հայտնելով աջակցել ԱՊՀ երկրների առաջնության կազմակերպման գործին:
«Տվյալ հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտպանում է ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնության ստեղծման գաղափարը:
Ներկայումս նշված երկրների ազգային առաջնություններից յուրաքանչյուրում հզոր թիմեր են ձևավորվել, որոնք ճանաչում են գտել ոչ միայն իրենց երկրներում, այլև միջազգային ասպարեզում:
Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ հենց հետխորհրդային տարածքում միասնական առաջնության կազմակերպումը թույլ կտա բարձրացնել ֆուտբոլի մակարդակը ԱՊՀ երկրներում` ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականների հարթության վրա:
Մենք նախկինում էլ հանդես ենք եկել նման նախաձեռնությամբ: Ավելի քան վստահ ենք, որ այն կպաշտպանեն նաև ԱՊՀ երկրների ֆուտբոլի այլ ֆեդերացիաներ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ակտիվորեն համագործակցել մոտակա ժամանակաշրջանում ԱՊՀ երկրներում ֆուտբոլի առաջնության ստեղծման և անցկացման հարցի շուրջ»,- ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունում:









































