Ֆրանսիական Դուե քաղաքի Վերաքննիչ դատարանը հետաձգել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի գործով վճռի հրապարակումը: Վճիռը պետք է կայացվի դեկտեմբերի 19-ին։ Այս մասին ITAR-TASS-ին տեղեկացրել են Լիլի դատախազությունից:
Խոսքն, այսպես կոչված, «Կառլտոնյան գործի» մասին է՝ խոշոր սկանդալ՝ կապված Լիլի «Կառլտոն» շքեղ հյուրանոցում մարմնավաճառության գաղտնի ցանցի գործի հետաքննության հետ:
2011 թ. նոյեմբերին ֆրանսիական իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին Սթրոս-Կանի ու կալանավորված կավատներից մեկի միջև sms-հաղորդագրությունները:
Մամուլում տեղ գտած հրապարակումները վկայում են այն մասին, որ ԱՄՀ նախկին ղեկավարը պարբերաբար դիմել է կանանց վճարովի ծառայություններին ու եղել է երեկույթների մշտական հյուր ոչ միայն Լիլ, այլև Փարիզ, Վաշինգտոն և այլ քաղաքներ ուղևորությունների ընթացքում:
Հետաքննությունը կասկածում է, որ վերջինս անմիջական մասնակցություն է ունեցել սեքսուալ ծառայությունների մատուցման այդ ընդհատակյա ցանցի ստեղծմանը:
Բացի ԱՄՀ նախկին ղեկավարից, գործում ներգրավված են նաև Լիլի ոստիկանության նախկին կոմիսար Ժան-Քրիստոֆ Լագարդը, Ֆրանսիայի գործարար աշխարհի ներկայացուցիչներ ու պաշտոնատար մի շարք ազդեցիկ անձինք:










































