«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ տիկին Մարթա Այվազյանը:
– Հայաստանը գտնվում է չհանգուցալուծված հակամարտություններով բարդ մի տարածաշրջանում, որի շուրջբոլորն է նաև եռում։ Դուք, որպես ՀՀ ԱԳՆ–ում ՆԱՏՕ–ի բաժնի նախկին ղեկավար, ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Որքանո՞վ է այն համարժեք ՀՀ ազգային անվտանգությանը։
– Ցանկացած պետության արտաքին քաղաքականությունը կոչված է պաշտպանել այդ երկրի ազգային շահերն ու նպատակները և այն բաղկացուցիչ մասն է, որով ապահովվում է նաև ազգային անվտանգությունը։ Մեր իրականության մեջ, ցավոք, վերջին տարիներին իշխանության ղեկի մոտ գտնվող անձինք առաջնորդվում են ոչ թե պետական կամ ազգային, այլ անձնական շահերով, որոնց պաշտպանությանն է ծառայում նաև արտաքին քաղաքականությունը։ Այդ տեսանկյունից արտաքին քաղաքականությունը չի կարող համարժեք լինել այն մարտահրավերներին, որոնց պետք է դիմակայի պետությունը։
– Ժամանակին մենք խորացնում էինք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ առանց չափ ու սահման զգալու և դրա հետևանքների մասին մտածելու և այսօր ունենք խիստ ձևախեղված հարաբերություններ, ու կարծես Հայաստանի ցանկացած քայլ ածանցվում է այդ հարաբերություններից։ Դատելով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի վերջին հայտարարություններից՝ կարող ենք ասել, որ Մոսկվայի քաղաքական շրջանակների հոգեբանությունը մեծ փոփոխություններ չի կրել։ Ի՞նչ պետք է անել Ռուսաստանի վասալը կամ թշնամին չդառնալու համար։ Որտե՞ղ է այդ մարտահրավերներին դիմագրավելու ռեսուրսը։
– Համաձայն եմ, որ Ռուսաստանի քաղաքականությունն ավելի շատ միտված է եղել ուղղահայաց հարաբերությունների, և դա, թերևս, միշտ եղել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության սկզբունքը։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն թեթևակի փոփոխության ենթարկվեց, բայց այսօր տեսնում ենք, թե ինչպես ամեն ինչ վերադառնում է իր սկզբնական վիճակին։ Ոչ վասալ և ոչ էլ թշնամի լինելու ռեսուրսը մենք պետք է փնտրենք մեր պետության մեջ։ Դրա անհրաժեշտ պայմանը նախևառաջ մեր պետականության կայացումն է, ինչը, ցավոք, դեռ չկա։ Ամենամեծ խնդիրը մեր հասարակությունն է, որը չի կարողանում անկախությունն ընկալել։ Վասալային հոգեբանությունը, դժբախտաբար, բնորոշ է մեր հասարակությանը։ Շատ հաճախ ազգային շահ ու նպատակ ասելով և դրանով պայմանավորելով մեր հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ՝ մենք վերցնում ենք ազգային շահի կամ ազգային նպատակի ինչ-որ մի փոքր բաղադրիչը։ Ռուսաստանի դեպքում դա հաճախ լինում է ռազմական բաղադրիչը, որն ընդգրկուն տերմինով անվանվում է ազգային անվտանգություն։ Ռազմական բաղադրիչը, սակայն, ազգային անվտանգության մի մասն է։ Երբ ռազմական բաղադրիչը դարձնում ենք գերակա, խախտվում է ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հավասարակշռությունը։
– Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանն ու Ռուսաստանը իրենց հարաբերությունները կառուցում են ոչ թե ընդհանուր շահի, այլ ընդհանուր արժեքների վրա և համատեղ փնտրտուքի մեջ են, որն ուղղված է ընդհանուր ապագայի գաղափարախոսական պլատֆորմի որոնմանը։ Զարմանալին այն է, որ դա ասում է վարչապետը մի երկրի, որի բարձրագույն քաղաքական պատասխանատուները վերջերս հայտարարեցին, որ Հայաստանի արտաքին քաղաքական նպատակը Եվրոպային ինտեգրվելն է։ Հարց է ծագում՝ ի՞նչ ընդհանուր արժեքներ ունի Եվրոպա գնացող Հայաստանը պուտինյան Ռուսաստանի հետ։
– Նորից վերադառնում ենք վասալային ձևաչափին, երբ անշահախնդիր հարաբերությունները կարող են հանգեցնել ինքնիշխանության կորստի, ինչի որոշակի էլեմենտների վկա ենք դառնում ժամանակ առ ժամանակ։ Ռուսաստանը, որն իր շահերն է հետապնդում, նույնպես ձգտում է արևմտյան արժեքների՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ… Եթե Հայաստանը չկարողանա դուրս գալ վասալային իրավիճակից, ապա, թերևս, ավելորդ կլինի խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության, պետական շահերի մասին։ Իսկ Տ. Սարգսյանի հայտարարությունը դեկլարատիվ բնույթ ունի։ Հնարավոր է, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված լինի ընտրություն կատարել։
– Մո՞տ է այդ պահը։
– Չեմ կարող ասել։ Դա միայն Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններով չէ պայմանավորված։ Ռուսաստանը, ամրացնելով իր դիրքերը Հայաստանում, հետապնդում է ոչ միայն մեր երկիրը լիովին իրեն ենթարկեցնելու նպատակ, այլև ավելի լայն տարածաշրջանային խնդիրներ ու նպատակներ է հետապնդում։
– Տիկին Այվազյան, սրան զուգահեռ մեծ քայլեր են արվել Եվրամիության հետ մերձենալու ուղղությամբ։ Օրերս սպասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի այցը Հայաստան։ Ինչպե՞ս եք գնահատում եվրաինտեգրման այս գործընթացը Ռուսաստանին ուղղված հետաքրքրաշարժ մեսիջների ֆոնին։
– Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ընթանում են Արևելյան գործընկերության շրջանակներում, և այդ այցերը նշված գործընկերության ձևաչափի բաղակացուցիչներից են։ Իմ կանխատեսմամբ՝ մեր իշխանությունները կշարունակեն խաղալ այդ երկու լարերի վրա, և մոտ ապագայում փոփոխության անհրաժեշտություն չի ծագի։
– Վրաստանի իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի և Արևմուտքի մերձեցման վրա և արդյոք կհանգեցնեն տարածաշրջանային ճարտարապետության փոփոխության։
– Մեր տարածաշրջանի համար ես չեմ տեսնում զարգացման ընդհանուր տրամաբանություն։ Վրաստանի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ երկրի ժողովրդավարական ինստիտուտներն ամենակայացածն են մեր տարածաշրջանում։ Չեմ կարծում, որ Վրաստանի քաղաքականությունը կարող է կտրուկ փոխվել։ Իշխանափոխությունը հասունացել էր։ Եթե հիշում եք, Իվանիշվիլին նախընտրական շրջանում հայտարարում էր, թե ինքը իշխանության է գալիս երեք տարի ժամանակով։ Այսօր արդեն ասում է, թե տարիուկես կմնա։ Վերջին տարիներին չհանդուրժելով այս կամ այն իշխանությունը՝ Վրաստանում գնացին իշխանափոխության։
– Փաստորեն, ժողովուրդը միշտ հաղթեց թե Շևարդնաձեի ժամանակ, թե վարդերի հեղափոխության, թե հիմա։
– Այո, ժողովրդի անհանդուրժողականությունը միշտ բերել է փոփոխության։ Վրացական իրականության մեջ Արևմուտքից դեպի Ռուսաստան կտրուկ փոփոխությունների հնարավորություն չեմ տեսնում։ Ըստ այդմ էլ՝ չեմ տեսնում որևէ կտրուկ փոփոխություն կամ ազդեցություն Հայաստանի վրա։
– Տիկին Այվազյան, շնորհակալություն հարցազրույցի համար։







































