«Նաիրիտ» գործարանի ճակատագիրը և շուրջ 2000 աշխատակիցներին չտրված աշխատավարձերի հարցը այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին բերել է նախագահական նստավայրի մոտ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գործարանի աշխատակից, արտադրամասի պետի տեղակալ Լիպարիտ Մամիկոնյանը, իրենք մի քանի տարի առաջ ևս եկել են նախագահական նստավայրի մոտ, և իրենց ընդունել է աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ու նախագահի անունից խոստացել, որ «Նաիրիտ» գործարանը պետք է անպայման աշխատի, բայց մարտի 14-ին կլրանա այդ խոսակցության 3 տարին, մինչդեռ «Նաիրիտը» չի աշխատում:
«Եթե նախագահը խոստացել է, ինչո՞ւ այդ խոստումը չի կատարում։ Այսօր մեզ պարտք են 11 ամսվա աշխատավարձ։ 2-3 ամիսը մեկ բերում՝ կես-կես ինչ-որ աշխատավարձեր են տալիս, ինչով պետք է ապրեն մեր ընտանիքները, եթե հաշվի առնենք, որ կան ընտանիքներ, ովքեր աշխատում են միայն «Նաիրիտ» գործարանում։ Գործարանն ունի 2500-3000 աշխատակից, այսօր մեր պահանջն է, որ գործարանը աշխատի, և մենք ստանանք մեր աշխատավարձերը ժամանակին»,- ասաց Լիպարիտ Մամիկոնյանը:
Գործարանի արհմիության նախագահը ներկայացրեց նախագահական նստավայրի մոտ հավաքված աշխատակիցների պահանջը, այն է՝ ստանալ գոնե 6 ամսվա աշխատավարձը մինչև դեկտեմբեր: Այդ պահանջը գործարանի աշխատակիցներից ոմանք ներկայացրին ՀՀ նախագահի աշխատակազմին՝ նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանին, որը գործարանի աշխատակիցներին երաշխավորեց, որ իրենք աշխատավարձ կստանան այս շաբաթվա ընթացքում, իսկ ընդհանուր աշխատավարձը՝ մյուս շաբաթվա ընթացքում:
Ինչպես հետո տեղեկացրին գործարանի աշխատակիցները, իրենց այդ խոստումները չեն գոհացնում, քանի որ իրենց պահանջն է մինչև դեկտեմբեր ստանալ 6 ամսվա աշխատավարձ։ Այս պահին նախագահական նստավայրում է «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, որը, ամենայն հավանականությամբ, բանակցում է 6 ամսվա աշխատավարձ ստանալու պահանջի շուրջ:








































