Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն «Բետիս» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո խոսեց հանդիպման մասին: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանդիպմանը «Բետիս»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց 1:0 հաշվով առավելության հասնել մադրիդյան ակումբի նկատմամբ:
«Մենք խոսում ենք պրոֆեսիոնալների մասին: Երբ տեսնում եմ, թե ինչպես է Շտեպանեկը(Ռադեկ Շտեպանեկ – չեխ թենիսիստ, Դևիսի գավաթի վերջին խաղարկությանը հաղթանակ պարգևեց իր հավաքականին-խմբ.) Դևիսի գավաթի խաղարկությանը երեք անընդմեջ հանդիպումներ անցկացնում ու ցանկացած գնդակի համար պայքարում է մինչև վերջ՝ իր հավաքականին հաջողություն բերելու համար, և այս ամենը այն պարագայում, երբ նա 34 տարեկան է, ապա լրիվ նորմալ եմ համարում 23, 24, 26 տարեկան ֆուտբոլիստի համար կայուն խաղ անցկացնել չորեքշաբթի և շաբաթ օրերին: Սպորտը միայն ոտքերը չեն, այլև սիրտը: Եթե մենք ունենայինք հզոր կամքի ուժ, կկարողանայինք անել ցանկալին:
Շնորհավորում եմ «Բետիս»-ի ֆուտբոլիստներին: Նրանք պայքար մղեցին առաջին րոպեից մինչև վերջին րոպեն: Նրանք մեղավոր չեն, որ Բենզեմայի գոլը չարձանագրվեց ու 11-մետրանոց չնշանակվեց: «Բետիս»-ն ավելի լավ խաղաց, քան «Ռեալ»-ը: Նրանք արժանի էին հաղթանակին, չնայած մրցավարի սխալները նրանց օգտին էին:
Անցած մրցաշրջանում մենք տասը միավորի առավելություն ունեինք, սակայն երկու ոչ-ոքի խաղացինք, ու չեմպիոնության համար պայքարը իրական թվաց: Մենք այժմ 11 միավորով հետ կմնանք «Բարսելոնա»-ից, եթե նրանք հաղթեն: 11 միավոր… Սա երեք կամ չորս միավոր չէ, այլ տասնմեկ: Ամեն պարագայում մենք ամեն ինչ կանենք՝ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար: Հասկանում եմ երկրպագուների վրդովմունքը»,- AS-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքերը:









































