Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ սկսվում է Սիրանույշ Թադևոսյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա երևանցի Սիրանուշ Թադևոսյանը 2013 թվականի հուլիսից սկսած՝ բազմիցս մեկնել է Թուրքիա, այնտեղից Հայաստան է բերել տարբեր ապրանքներ ու վաճառել:
Հերթական անգամ Սիրանուշ Թադևոսյանը 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Բավրա մաքսակետով ելք է կատարել Հայաստանից, ավտոբուսով մեկնել Թուրքիա՝ Ստամբուլ: Դեկտեմբերի 15-ին նա մուտք է գործել Թուրքիա:
Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ «առավել եկամտաբեր բիզնես իրականացնելու ակնկալիքով», Հայաստանում իրացնելու նպատակով Սիրանուշը Թուրքիայում ձեռք է բերել 0,46 գրամ ընդհանուր քաշով «Տենամֆետամին» ՄԴԱ տեսակի թմրամիջոց պարունակող 20 հատ հաբեր:
Դրանք տեղավորել է թեյի փաթեթում: Թեյի փաթեթն էլ տեղավորել է մրգերով լցված պոլիէթիլենային տոպրակում այն նկատառումներից ելնելով, որ մրգերով տոպրակը մաքսային սահմաններում հսկողություն իրականացնող ծառայողների ուշադրությունը չի գրավի:
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Սիրանուշ Թադևոսյանը Բագրատաշենի սահմանային հսկիչ-անցագրային կետով ժամանել է Հայաստան, մաքսային հսկողությունից թաքցրած հաբերը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է Հայաստան, բերել Երևան, որտեղ ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հաբերը հայտնաբերվել են հիշյալ թեյի փաթեթում:
Սիրանուշ Թադևոսյանը կալանավորված է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով և 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: