Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` իսրայելական Haaretz թերթը գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայացուցիչ Յոսեֆ Չեկանովերը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ` հանդիպումը տեղի է ունեցել այս շաբաթ` Ժնևում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա դիվանագիտական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կատարվելիք քայլերը, որոնք պետք է գոհացնեն երկու կողմին էլ:
Թուրքական կողմը վերստին ներկայացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման իր երեք հայտնի նախապայմանները` ներողություն խնդրել «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ Թուրքիայի ինը քաղաքացիներին սպանելու համար, փոխհատուցում վճարել զոհվածների ու վիրավորների ընտանիքներին և վերացնել Գազայի հատվածի ծովային շրջափակումը: