Պարզվում է 2007 թվականից այս կողմ կադաստրի ոլորտում աշխատած, թիվ 1 ընտրատարածքի ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Տարոն Մարգարյանի աներձագ, անշարժ գույքի սիրահար է: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Սարգսյանը ձգտել է շենք ու հողամաս ձեռք բերել ոչ միայն Երևանում:
Այսպես, թիվ 1 ԸԸՀ ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագրում կարդում ենք, որ Ռոբերտ Սարգսյանը Ավանի Չարենց թաղամասի 39 հասցեում ունի 56.7 քառակուսի մետր բնակարան, շենք-շինության սեփականատեր է Եղվարդ քաղաքում 309.5 քմ մակերեսով: Քաղաքապետի աներորդին Արարատի մարզի Հայանիստ գյուղում 24.4 հեկտար հողամասի սեփականատեր է, 0.1 հեկտար հողամաս ունի Ավանի Խուդյակով փողոցում, իսկ Սաֆարյան փողոցում էլ իր անունով գրանցված է 217 քմ մակերեսով շենք-շինություն: Նա սեփականատեր է նաև ավտոմեքենաների 1998 թվականի արտադրության «Audi 4»-ի, ինչպես նաև 2006 թվականի արտադրության «Mitsubishi-Pajero»-ի և ՎԱԶ 2121-ի: Այսքանից հետո` ունեցած գումարն էլ, ըստ հայտարարագրի, 10 հազար ԱՄՆ դոլար է և 7 միլիոն դրամ:









































