«Առաջին լրատվական» կայքում «Գագիկ Ծառուկյանը հեռուստամարաթոնին գումար չի նվիրաբերել» հրապարակումից հետո վերջինիս մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը զանգահարեց խմբագրություն և պարզաբանում ներկայացրեց, թե առաջիկայում մասնակցություն լինելու է: Խոսքը վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին:
Հիմնադրամից տեղեկացրել էին, թե իրենց ունեցած տեղեկություններով, Գ. Ծառուկյանը ոչ գումար է հանգանակել, ոչ էլ հանգանակելու խոստում է տվել: Մենք ևս մինչև նյութի հրապարակումը փորձել էինք Ի. Տոնոյանից պարզել, թե ինչո՞ւ Գ. Ծառուկյանը նվիրատվություն չի արել: Սակայն նա հարցը լսելուց հետո անջատել էր հեռախոսն ու չէր պատասխանել մեր հեռախոսազանգերին:
Չի բացառվում, որ Ի. Տոնոյանը հրապարակումից կամ մեր զանգից հետո կապվել է Գ. Ծառուկյանի հետ, և տեղում որոշել են, որ այնուամենայնիվ, պետք է հիմնադրամին գումար փոխանցեն: Հավանաբար հասկացել են, որ Գ. Ծառուկյանի նման օլիգարխը եթե գումար չնվիրաբերի, դա հայտնի կդառնա և կդառնա քննարկումների ու սուր քննադատությունների առարկա:
Ի. Տոնոյանը, սակայն, ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե Գ. Ծառուկյանը որքան գումար պետք է փոխանցի: Մնում է պարզել` ԲՀԿ ղեկավարն, ի վերջո, որքա՞ն գումար կնվիրաբերի:










































