Ընդամենը կես տարի առաջ Ռոբերտո Դի Մատեոն բարձրացրեց Չեմպիոնների լիգայի գավաթը, որն առաջինն էր Լոնդոնի «Չելսի»-ի պատմության մեջ: ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությունում երիտասարդ թիմի ձախողումը մոռացության մատնեց անցած մրցաշրջանի հաջողությունները, և ակումբի ղեկավարները որոշեցին պաշտոնանկ անել մարզչին, ով պարգևել էր երկար սպասված գավաթը՝ ժառանգություն ստանալով Վիլաշ-Բոաշի տապալված թիմը: «Նապոլի»-ի, «Բարսելոնա»-ի, եզրափակիչում «Բավարիա»-ի դեմ անհույս թվացող խաղերը… Դի Մատեոն պատվով կատարեց իր առաջադրանքը:
Եվրոպական ակումբային կարևորագույն մրցաշարում հաղթանակն իտալացի մասնագետին ընդամենը հիմնական աշխատանք ապահովեց ակումբում: Նույնիսկ Չեմպիոնների լիգայի և Անգլիայի գավաթները նվաճելուց հետո Աբրամովիչը մեծ դժվարությամբ պայմանագիր առաջարկեց մասնագետին: Ռուս միլիարդատիրոջ ուշադրության կենտրոնում էր իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան, և միայն այն բանից հետո, երբ կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչը հայտարարեց, որ ցանկանում է ժամանակավորապես լքել ֆուտբոլը, Դի Մատեոն պայմանագիր ստորագրելու առաջարկ ստացավ: 2012թ. մայիսի 19-ին իտալացին իրականացրեց Աբրամովիչի վաղեմի երազանքը՝ նվաճեց ՉԼ գավաթը, իսկ 2 տարվա պայմանագիր ստորագրելու առաջարկ ստացավ միայն հունիսի 13-ին՝ գրեթե 1 ամիս անց:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը հրաշալի ձեռքբերումներ կատարեց՝ կազմը համալրելով երիտասարդ, խոստումնալից ֆուտբոլիստներով: Թիմը հրաշալի էր մեկնարկել Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, և թվում էր՝ դա միայն կամրացնի Դի Մատեոյի դիրքերն ակումբում, սակայն առաջին իսկ սայթաքման դեպքում թիմի սեփականատերը գնաց կտրուկ քայլերի: Պատվաբեր գավաթը նվաճելը թիմի գերխնդիրն էր 9 տարի շարունակ, որին «արիստոկրատները» ոչ մի կերպ չէին կարողանում հասնել: Եկել էր նաև սերնդափոխություն կատարելու ժամանակը, քանի որ թիմի առաջատարներն արդեն վաղուց չէին ցուցադրում իրենց լավագույն խաղը: Դի Մատեոն նաև դրան էր պատրաստ. միայն Ազարի և Օսկարի անունները բավական են համոզվելու համար, որ իտալացին ճիշտ ընտրություն էր կատարել, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներն արդարացրել էին սպասելիքները:
Իտալացին կարճ ժամանակահատվածում փոխեց նաև թիմի խաղաոճը, և անցած տարվա «կապույտ ավտոբուսը» հիմա ոչ ոք չի հիշում: Դրոգբան տեղափոխվեց Չինաստան, Թերին կրկին հայտնվեց սկանդալի կենտրոնում, հեռացավ Անգլիայի հավաքականից, որակազրկում ստացավ, ի վերջո՝ դադարեց կայուն ֆուտբոլ ցուցադրել: Էշլի Քոուլի խաղն ակնհայտորեն խամրել է և անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ եզրային պաշտպանը մոտ ապագայում լքելու է թիմը: Ֆրենկ Լեմպարդը կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում…
Դի Մատեոյի փայլուն աշխատանքն աչքի էր զարնում: «Չելսի»-ն թեթև, գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում: Իհարկե, ոչ բոլոր խաղերում էր հաղթում նոր կոլեկտիվը, սակայն «նոր» «Չելսի»-ն, իսկապես, գրավիչ էր: Ընդամենը 262 օր… ակումբի ղեկավարությունը վաղուց մոռացել էր անցած տարվա տապալված թիմի ֆանտաստիկ ելույթը՝ Դի Մատեոյի՝ ակումբին միանալուց հետո: Սակայն Աբրամովիչի հետ 262 օր աշխատելը մեծ ձեռքբերում է թվում: Լուիս Ֆելիպե Սկոլարին դիմացավ 223, Ավրաամ Գրանտը՝ 247, Անդրե Վիլաշ-Բոաշը՝ 256 օր:
9 տարիների ընթացքում Աբրամովիչը 9-րդ մարզչին հրավիրեց «Չելսի»: Այս անգամ հերթն իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսինն է, ով «Ինտեր»-ից հեռացվելուց հետո 2 տարի առաջարկ չէր ստանում ոչ մի ակումբից: Թե «արիստոկրատների» կազմում որքան կաշխատի իսպանացին` ցույց կտա ժամանակը…









































