Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ) ողջունում է Իսրայելի և Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների միջև զինադադարը, սակայն տեղի ունեցած հակամարտությունը գնահատում է որպես Իրանին հարվածելու հնարավոր նախապատրաստություն։ Այս մասին հայտարարել է ՊԱԿ-ի գործադիր կոմիտեի անդամ Սալեհ Ռաֆաթը։
Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև զինադադարով դադարեցվել է «Ամպի սյուն» գործողությունը, որն Իսրայելը սկսել էր նոյեմբերի 14-ին` հրթիռային հարվածներին ի պատասխան:
Ռաֆաթը համարում է, որ Իսրայելն այս կերպ հարվածում է Թեհրանի դաշնակիցներին` գիտակցելով, որ ներկայում անմիջապես Իրանին հարվածելու ուժ չունի:
ՊԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով` հակամարտությունը Գազայի հատվածում կապված էր նաև Իսրայելի գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչպես նաև՝ Պաղեստինը, որպես դիտորդ պետություն ՄԱԿ–ի կազմում ընդգրկելու Մահմուդ Աբբասի ծրագրած դիմումի հետ։








































