Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցում համաժողով է անցկացվել` նվիրված Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Համաժողովին իրենց մասնակցությունն են բերել Հայ իրավաբանների միության նախագահ Կարո Ղազարյանը, «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ատենապետ Վիգեն Հովսեփյանը, իսկ երեկոյի կազմակերպիչը հրապարակախոս, հասարակական գործիչ Հարութ Սասունյանն էր:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հ. Սասունյանը նշեց, որ երեկոն անցկացվել է «Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ճգնաժամային խաչմերուկի առջև» խորագրի շրջանակներում: Ելույթով հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Հ. Սասունյանը թեմայի վերաբերյալ երկու շատ կարևոր առաջարկ է արել:
«Հանդիպմանը ներկա էր Գլենդել համայնքից շուրջ 700 հայ: Ես արեցի երկու առաջարկ: Առաջինը` ես շատ անհանգստացած եմ և ցանկանում եմ, որ մենք ունենանք Հայաստան-Սփյուռք լավ հարաբերություններ: Հայաստանը ինքնուրույն միավոր է, ունի իր կառավարությունը, Արցախը` նույնպես, բայց երրորդ ամենակարևորը՝ Սփյուռքը` ոչ:
Գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ աշխարհի մնացյալ 7 միլիոն հայությունը բաժան-բաժան ցրված է աշխարհի շուրջ 70 երկրներում, և որևէ միավոր չկա, որ համախմբի նրանց: Ես առաջարկեցի, որ ամեն շրջանում տեղական ընտրություններ լինեն, ամեն համայնք ընտրի իր պատգամավորը, և այդ պատգամավորները ներկայացնեն Սփյուռքի անպաշտոն մի խորհրդարան: Եթե այդպես անենք, ապա կունենանք Սփյուռքի հետ կապ հաստատելու մի հստակ միջոց:
Այն իրավունք կունենա Սփյուռքի անունից խոսելու, Սփյուռքը ներկայացնելու: Եթե Հայաստանը ուզենա Սփյուռքի հետ կապվել, կիմանա` կոնկրետ ում հետ կապվել և ինչ հարցնել, և ոչ թե կդիմի այս կամ այն կազմակերպությանը` որևէ բան ճշտելու համար:
Երկրորդ իմ առաջարկը ավելի համեստ գաղափար էր. ասացի, որ ավելի հեշտ է հավաքվեն Սփյուռքի և Հայաստանի գլխավոր ներկայացուցիչները, որպեսզի նստեն և խոսեն տարբեր հարցերի շուրջ: Մենք նման երկու մարմին ունենք՝ մեկը Ցեղասպանության 100-ամյակի մարմինն է, մյուսը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Երկու այդպիսի մարմինների ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հանդիպում են: Ես առաջարկեցի, որ չենք կարող այսպես անարդյունավետ աշխատել, քանի որ ամեն անգամ, երբ ինչ-որ բան պատահի, պետք չէ համահայկական մարմին հրավիրել: Պետք է մի մարմին լինի, որ զբաղվի համահայկական հարցերով, որպեսզի կարողանանք այս ձևով լուծել հարցերը, մինչև որ լուծվի իմ ամենակարևոր առաջարկը` պատգամավորների հետ կապված»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին` Հարութ Սասունյանը նշեց, որ այն ավելի շատ քաղաքական բնույթ ուներ. «Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ է, և հասկանալի է, որ նա իր ելույթում բացասաբար արտահայտվեց Հայաստանի իշխանությունների մասին: Նա մասնավորապես նշեց, որ Հայաստան-Սփյուռք կապն այսօր ճգնաժամային փուլում է, քանի որ Սփյուռքը կորցրել է իր վստահությունը Հայաստանի և իշխանությունների հանդեպ»:







































