«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով` 2013 թ. պետական բյուջեն լիկվիդացման բյուջե է, քանի որ վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ երկրի պետական բյուջեում հստակ գրված է, որ մարդկանց եկամուտները նվազելու են: Իսկ «168 ժամի» տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի գնահատմամբ` այս բյուջեն հերթապահ, գոյատևման բյուջե է, որն իր մեջ որևէ նոր բան չի կրում: Երկու տնտեսական մեկնաբաններն էլ կառավարության հայտարարած ցուցանիշների և իրականության միջև առկա խզման մասին հարցադրմանը պատասխանում են վարչապետի սիրած արտահայտությամբ` «մեթոդոլոգիայի խնդիր է»: ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության շուրջ նրանց «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում: «Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:
Հայկ Գևորգյան- Doing bussines-ի ցուցանիշներով` մենք 54-րդ տեղից բարձրացել ենք 32-րդ տեղը: Հասկանում եք, Հայաստանը 184 երկրների մեջ 32-րդ տեղում է՝ Ֆրանսիայից առաջ ենք անցել: Բայց այս նույն ընթացքում, երբ doing bussines-ում նման թռիչք արձանագրվեց, Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի բան 40 տոկոսով:
«Առավոտ»- Այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք նման ցուցանիշներ արձանագրել:
Հ. Գ.- Օ˜, դրա համար կառավարությունը պրոֆեսիոնալ աշխատանք է տարել: Այնքան էներգիա, որքան մեր կառավարությունը ծախսում է տարատեսակ զեկույցներում լավ տեղ գրավելու համար, եթե այդ էներգիայի 50 տոկոսը ծախսի իրոք տնտեսական քաղաքականություն վարելու վրա, Հայաստանը լուրջ առաջընթաց կունենա: Իրենք վերցնում, ուսումնասիրում են, թե ինչ բանաձևերով են doing bussines-ում հաշվում տեղերը, տեսնում են, որ մի բան կա, որը Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի, բերում են օրենքում կամ կառավարության որևէ որոշման մեջ փոփոխություն են կատարում` համապատասխանեցնելով այդ բանաձևին: Օրինակ` որ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի խորհրդին ընկերության տնօրենը պետք է հաշվետու լինի կասկածելի գործարքների մասով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում ընդհանրապես բաժնետիրական ընկերություններ չկան ըստ էության: Բայց սա doing bussines-ի փորձագետները համարել են որպես առաջընթաց, և միայն դրա շնորհիվ 110 կետով այդ ենթացուցիչում Հայաստանի դիրքերը բարձրացել են: Կարելի է տեսականորեն doing bussines-ում գրավել առաջին տեղը, ես ուղղակի համոզված եմ դրանում, պարզապես պետք է շատ ուշադիր նայել, լավ թիմ կազմել և տեսնել, թե որտեղ կարելի է համապատասխան փոփոխություններ անել:
«Առավոտ»- Բայց Ձեր խոսքերից հետևում է, որ այդ ցուցանիշների բարելավումը Հայաստանի տնտեսությանը որևէ տեսանելի բան չի տալիս:
Հ. Գ.- Տալիս է` օտարերկրյա ներդրումների 44 տոկոս նվազման տեսքով:
Բաբկեն Թունյան- Doing bussines-ը չի վերլուծում, թե իրականությունն ինչպես է զարգանում տվյալ երկրում: Այն դիտարկում է օրենքներն ու օրենսդրական փոփոխությունները: Եթե Հայաստանը լիներ այնպիսի երկիր, որտեղ անխտիր բոլոր օրենքները կիրառվեին, այդ ժամանակ արդյունքը տեսանելի կլիներ: Բայց մեզ մոտ բոլորս գիտենք, որ օրենքում գրվածը կարող է իրականությանն ընդհանրապես չհամապատասխանել: Այնպես որ` doing bussines-ի զեկույցն իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում, քանի որ ներդրողը, բացի այդ զեկույցից, ուշադրություն է դարձնում շատ ավելի կարևոր հարցերի և առաջին հերթին, թե այդ երկրում դատաիրավական համակարգը ինչ վիճակում է:
«Առավոտ»- Կառավարության 2012- 2017թթ. ծրագրով նախատեսվում է ստեղծել 100 հազար նոր աշխատատեղեր, իսկ կոնկրետ հաջորդ տարի ՀՀ ֆինանսների նախարարը խոստացավ բացել 10 հազար նոր աշխատատեղեր, ճիշտ է` նա դժվարացավ նշել, թե կոնկրետ որ ոլորտներում են այդ աշխատատեղերը բացվելու: Եթե հաշվի առնենք, որ 2012 թ.-ն արդեն անցած է, իսկ 2013-ին էլ ընդամենը 10 հազար աշխատատեղ է ստեղծվելու, ի՞նչ եք կարծում, մնացած երեք տարում կառավարությունը կարողանալո՞ւ է խոստացած 90 հազար նոր աշխատատեղերը բացել:
Հ. Գ.- Ես կառավարությանն այդ հարցում հաջողություն եմ մաղթում, որովհետև իրենց իսկ պաշտոնական տվյալներով` Հայաստանում 80 հազար գործազուրկ կա: Եվ եթե կառավարությունը 100 հազար աշխատատեղ բացի, ապա 20 հազար աշխատող էլ պիտի ներգրավեն դրսից:
Բ. Թ.- «Արի տուն» ծրագիրն է դառնալու:
Հ. Գ.- Սա նույնպես ցույց է տալիս կառավարության չակերտավոր անկեղծությունը: «Առավոտ»- Բայց չէ՞ որ իրականում Հայաստանում կա շատ ավելի, ըստ ոչ պաշտոնական թվերի` 240-260 հազար գործազուրկ:
Հ. Գ.- Ցույց տվեք ինձ պաշտոնական թիվը: Խնդիրն այն է, որ կառավարությունը բյուջեն կազմում է` հիմնվելով բացառապես պաշտոնական վիճակագրության տվյալների վրա:
«Առավոտ»- Կառավարության անկեղծության մասին, վարչապետ Տիգրան Սարգպանն իր ելույթում նշեց, որ մեծ էր գայթակղությունը ընտրություններից առաջ կտրուկ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, սակայն իրենք գերադասել են զերծ մնալ նման ամբոխահաճ որոշումից` երկիրը զերծ պահելու համար ավելորդ վտանգներից ու ցնցումներից: Ըստ Ձեզ` վարչապետն անկեղծ չէ՞ր:
Բ. Թ.- Շատ անկեղծ էր: Ընդդիմությունն այսօր ցանկանում է ավելի շատ ֆինանսավորում` թոշակների և աշխատավարձերի ավելացման համար, կառավարությունը պատասխանում է՝ մենք էլ կցանկանայինք, բայց հնարավորություն չունենք: Ու դա ներկայացնում են որպես իրատեսություն: Սակայն իրականում այդ հնարավորությունները կան: Հենց թեկուզ ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելու դեպքում: Ընդ որում, ստվերի ներկայացված 35 տոկոսը դեռ նվազագույնն է, իրականում այն շատ ավելի մեծ է, ըստ որոշ գնահատականների` ավելի քան 50 տոկոս: Եվ կարելի է մոտավոր հաշվարկ անել, թե այդ ստվերը մեկ կամ երկու տոկոսային կետով կրճատելու դեպքում քանի միլիարդ դրամ կարելի է բերել պետական բյուջե: Այնպես որ` այդ միջոցները կան, անհրաժեշտ է պարզապես լուրջ պայքար տանել ստվերի դեմ և խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: Իսկ դրա համար պետք է ոչ թե ինչ-որ փաստաթուղթ և թվեր, այլ քաղաքական կամք:







































