Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում այսօր տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նիստից հետո Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանը սպասում է հոկտեմբերի 1-ին անցկացրած ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններից հետո իր հաջողությունների ճանաչմանը.
«ՆԱՏՕ-ն պետք է վրացական կողմին հստակ հասկացնել տա, որ արժևորում է իրեն ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի գործադրած ջանքերը: Մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին համոզեցինք, որ Վրաստանը նոր ուժի հաղթելուց հետո ավելի վճռական քայլեր կձեռնարկի ժողովրդավարության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Մենք հուսալի և ուժեղ գործընկեր ենք և դրանում համոզեցինք ՆԱՏՕ-ին: Վրաստանը վերստին հաստատել է իր վճռականությունը՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օպերացիաներին մասնակցելու շարունակման մասին: Ինչ վերաբերում է Վրաստանում ընթացող ձերբակալություններին, ապա մենք վստահեցրինք, որ Վրաստանում լինելու է օրենքի գերակայություն»:
Ալասանիան հավելել է, որ նոյեմբերի 22-ին այցելելու է Աֆղանստանում գտնվող վրացական զինվորական կոնտինգենտին:









































