Ինչպես հաղորդում է «Спорт-Экспресс»-ը, Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի վերաբերյալ նախօրոք արված կանխատեսումը հաստատվել է: Ամստերդամի հիվանդանոցում նրա մոտ ախտորոշել են աջ ոտքի առաջնային խաչաձև կապանի պատռվածք:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր Հայաստանի և Ալժիրի ընտրանիների միջև կայացած ընկերական մրցավեճի ընթացքում (1:3): Նման վնասվածքների դեպքում ապաքինվելու համար անհրաժեշտ է լինում առնվազն 6 ամիս ժամանակ:
Ընդգծենք, որ Օզբիլիսն իր կարիերայում 2-րդ անգամ է բախվում այսպիսի վնասվածքի հետ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել պատանեկան տարիքում, երբ նա հանդես էր գալիս «Այաքս»-ի երիտասարդական թիմում:
Ֆուտբոլիստը մոտ ժամանակներս լրացուցիչ բուժզննում կանցկացնի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:







































