Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայթեթին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանական ոլորտի աջակցությանն ուղղված բյուջեի մեծացման մասին, որը նպաստելու է ուկրաինական սահմանապահ ուժերի մարտունակության բարձրացմանը:
«Վերջին երեք ամսվա ընթացքում մենք կրկնապատկել ենք Ուկրաինային ուղղված ռազմական օգնությունը: Հատուկ շեշտ է դրվել ուկրաինական սահմանապահ ուժերի մարտունակության բարձրացման և սահմանները պաշտպանելու ունակության վրա: Ես հույս ունեմ, որ այդ օգնությունը կընդլայնվի»,- պատմել է ամերիկյան դիվանագետը ZN.UA-ն ամսագրին տված հարցազրույցում:
Փայթեթը հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ հաջորդ շաբաթ Ուկրաինա կժամանի Պենտագոնի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ պաշտպանության ոլորտում ամերիկյան օգնության հարցի քննարկման համար: Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը նախօրեին հաղորդել է, որ հունիսի 2-ին Կիև կժամանի ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Դերեք Շոլը:









































