Մոսկվայում նոյեմբերի 9-ին անհայտ անձինք տրավմատիկ զենքից հրաձգության են ենթարկել երկու ավտոմեքենա, որոնցում եղել են կովկասցիներ՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Առաջին հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 21:30-ին` Վարշավյան մայրուղիում: Սև Audi 100 ավտոմեքենայով անհայտ երիտասարդները արգելափակել են ՎԱԶ-2106 ավտոմեքենան, որի ղեկին եղել է Հյուսիսային Կովկասի բնակիչ: Նրանք կրակոցներ են արձակել և ազգայնական լոզունգներ բղավել: Կովկասցին վիրավորվել է ոտքից:
Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 23:00-ին` Լյուբլինյան փողոցում: Երիտասարդները կրակ են բացել «Ժիգուլի»-ի ուղղությամբ, որտեղ ևս կովկասցիներ են եղել: Վարորդն ու ուղևորը վիրավոր են:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հարձակումն իրականացրել են 16-20 տարեկան սլավոնական արտաքինով չորս երիտասարդներ:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Հանցագործների ավտոմեքենան հետախուզման մեջ է:










































