Մեծ Բրիտանիայի դատարանը նոյեմբերի 8-ին արմատական իսլամիստ Աբու Համզա Ալ-Մասրիի 20-ամյա որդուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման ոսկերչական խանութի վրա ավազակային հարձակում գործելու մեղադրանքով, հաղորդում է Agence France-Presse-ը:
Զինված հարձակումը կատարվել է 2012թ. հունվարի 31-ին Նորֆոլկ դքսության Քինգ Լինն քաղաքում:
Իմրան Մուստաֆան ու նրա 3 համախոհները զարդերի խանութից հափշտակել էին շուրջ 87 հազար եվրոյի զարդեր: Նրանցից երկուսը արդյուքնում ընդունել էին իրենց մեղքը ու ստացել նվազագույն բանտային պատժաչափ: Մուստաֆան դատական գործընթացում այդպես էլ չէր ընդունել իր մեղքը:
Մուստաֆայի փաստաբանները պնդում էին, որ որդին հանցավոր ուղու վրա է կանգնել հոր բացասական կերպարի պատճառով: Պաշտպանության խոսքով՝ հենց Ալ-Մասրիի վարկանիշն է հանգեցրել նրան, որ իր որդին չի կարողացել ինտեգրվել հասարակությանը:
Աբու Համզա Ալ-Մասրին ունի 8 որդի, որից միայն 2-ն են ներկայում ազատության մեջ:
Անձամբ Ալ-Մասրիին հոկտեմբերի սկզբին արտահանձնեցին Մեծ Բրիտանիայից ԱՄՆ, որտեղ նա կասկածվում է «Ալ-Քաիդայի» հետ համագործակցության, Եմենում 1998թ. պատանդներ վերցնելու և այլ հանցագործությունների համար:








































