Էկվադորի նախագահ Ռաֆաել Կոռեան կարծում է, որ 2013-ի նախագահական ընտրությունների նախօրեին իրեն ֆիզիկական հեռացման ենթարկելու ծրագրեր իսկապես կան, փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով լատինաամերիկյան ԶԼՄ-ները:
«Այդ հնարավորությունը (մահափորձի կազմակերպման) չի կարելի բացառել»,- Կոռեայի խոսքերը մեջբերում է վենեսուելական AVN գործակալությունը: Նախագահը հիշեցրել է 2010-ի անկարգությունների մասին, ինչն ինքն անվանում էր պետական հեղաշրջման փորձ:
«Չնայած ԶԼՄ-ները փորձում են հերքել ակնհայտը` կան լուսանկարներ, որոնցում նախագահական ավտոմեքենայի վրա երևում են 6 փամփուշտների անցքերը, երբ ապստամբները կարծում էին, որ դրանով երթևեկում եմ: Հրամանն էր` սպանել նախագահին»,- նշել է նախագահը:
Նրա կարծիքով` շշուկները, որ ԿՀՎ-ն ծրագրում է ապակայունացնել իրավիճակը հարավամերիկյան երկրում, կարող են հիմք ունենալ:
ԶԼՄ-ները տեղեկություն են ստացել, որ ԿՀՎ-ն և ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը, իբր կարող են արգելված նյութերի վաճառքից ստացված փողերն օգտագործել Էկվադորում իրավիճակն ապակայունացնելու նպատակով:
Այս շշուկներն արդեն հերքել է Կիտոյում ԱՄՆ դեսպան Ադամ Նամմը:
Կոռեան կարծում է, որ ԱՄՆ առաջին դեմքերը կապ չունեն գալիք տարվա ընտրություններին իր մասնակցության խափանման փորձերում: «Ես հավատում եմ Օբամայի կառավարությանը, հավատում եմ Հիլարի Քլինթոնին, բայց կարծում եմ` կառավարությունը տեղյակ չէ իրավիճակից, ինչը չի նշանակում, որ դա չի կարող տեղի ունենալ»,- ավելացրել է Կոռեան:









































