Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունն իջեցրել է շվեյցարական խոշորագույն բանկերից մեկի՝ Credit Suisse-ի վարկանիշային կանխատեսումը՝ «կայունից» դարձնելով «բացասական»: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշվում է գործակալության հայտարարության մեջ, նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ բանկը համաձայնել է ԱՄՆ իշխանություններին վճարել 2.8 մլրդ դոլարի չափով տուգանք՝ իր ամերիկացի ներդրողներին հարկերի վճարումից խուսափելու գործում օգնելու համար:
Ձեռք բերված համաձայնության պայմանները կարող են բացասական ազդեցություն ունենալ բանկի կապիտալի վրա, առաջացնել հաճախորդների կորուստ, շահույթի նվազում՝ նշվում է հայտարարության մեջ: Բանկի վարկանիշը հաստատվել է A1 մակարդակի վրա:









































