Նոյեմբերին լրանում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության 49 տարին, որը մինչ օրս մնում է պատմության չբացահայտված կարևորագույն գաղտնիքներից մեկը:
Հայտնի է, որ մարդասպան է ճանաչվել Լի Հարվի Օսվալդը, ով 2 տարի փախուստի մեջ է գտնվել և ապրել է ԽՍՀՄ-ում, հետո 1962-ին հայրենիք է վերադարձել իր ռուս կնոջ` Մարինայի և իրենց առաջին դստեր հետ: Սառը պատերազմի ավարտից հետո Բելառուսի հատուկ ծառայությունները կարճ ժամանակով գաղտնազերծել են Օսվալդի դոսյեն: Փաստաթղթերից երևում է, որ նա ինքն է գտնվել հատուկ ծառայությունների հսկողության տակ:
Կասկածելի ամերիկացուն հետևել են գիշեր–ցերեկ: Դոսյեում այնպիսի մանրամասներ կան, որ ցավալի է կարդալը, գրում է The New York Times-ը` հղում անելով գրող Նորման Մեյլերին` միակ մարդուն Արևմուտքում, ով ծանոթացել է այդ նյութերին:
Բելառուսի առաջին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչն անձամբ ծանոթ է եղել Օսվալդի հետ, նրան ռուսերեն է սովորեցրել: Իր դեռ չհրապարակված հուշերում Շուշկևիչը գրում է, որ իրենց երբեք թույլ չեն տվել առանձին հանդիպել: Ըստ InoPressa-ի՝ սա հաստատում է այն վարկածը, որ Օսվալդը դժվար թե խորհրդային գործակալ լիներ։
Վերջին տարիներին հրատարակվել են կամ հրատարակության են սպասում Օսվալդի կյանքի «խորհրդային» ժամանակահատվածի մասին գրքեր:
Հրատարակության է պատրաստվում Պիտեր Սավոդնիկի «Անկոչ հյուրը» (The Interloper) գիրքը: Հեղինակը գրում է. «ՊԱԿ–ն ավելի լավ գիտեր, թե ինչ էր ուզում Օսվալդը: Այդ մարդիկ հրաշալի գիտեին, որ նա երբեք իսկական ընտանիք չի ունեցել, չի ունեցել սիրող մայր ու հայր: Ինչ-որ իմաստով նրանք նրան ամբողջ աշխարհն են նվիրել»:








































